Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ԿԳՄՍ նախարարության գերազանցության մեդալներ է հանձնել մարզի մեդալակիրներին
17.12.2020
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել և ՀՀ ԿԳՄՍ նախարարության գերազանցության մեդալներ է հանձնել ուսման մեջ գերազանց առաջադիմություն գրանցած մեր մարզի երկու երիտասարդների՝ Կապուտանի միջնակարգ դպրոցի շրջանավարտ, 17 ամյա Նավասարդ Հովհաննիսյանին և Պռոշյանի Պ. Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ, 18 ամյա Աշոտ Ղազարյանին:
«Ձեր այսօրվա հաջողություններն առաջին հերթին մեր ազգի հաջողություններն են, և ես անձամբ ոգևորված եմ այդ ձեռքբերումներով, որովհետև մենք կարևորում ենք գիտության, կրթության դերը պետության, պետականաշինության գործում:
Այն, ինչին այսօր հասել եք, անշուշտ, ձեր ցանկության և աշխատասիրության արդյունք է, բայց դա չէր լինի առանց ձեր ծնողների և ուսուցիչների՝ տարիների հետևողական աշխատանքի ու վերաբերմունքի, ինչի համար ես ուզում եմ շնորհավորել ու շնորհակալություն հայտնել նաև նրանց»,- շնորհավորելով տղաներին դպրոցը գերազանցության մեդալով ավարտելու կապակցությամբ՝ նշել է Մեսրոպ Մեսրոպյանը:
Երիտասարդներին շնորհավորել են նաև հանդիպմանը ներկա մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանը, ինչպես նաև տղաների ուսուցիչներն ու ծնողները:
Հանդիպման ավարտին Մեսրոպ Մեսրոպյանը մեդալակիրներին անձամբ է հանձնել ԿԳՄՍ նախարարության գերազանցության մեդալները, ինչպես նաև հուշանվերներ՝ հանրագիտական բառարան և խորհրդանշական գրիչներ: