Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ նշանակվեց Մեսրոպ Մեսրոպյանը
26.11.2020
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ:
Հարցի մասին զեկույցով հանդես եկավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց Մեսրոպ Մեսրոպյանին նշանակել ՀՀ Կոտայքի մարզպետ:
ՀՀ վարչապետը նշեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր և մարզպետ նշանակվելու առաջարկով պայմանավորված՝ հրաժարական է ներկայացրել հանձնաժողովից:
Իր հերթին Մ.Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ հետպատերազմական այս ծանր ժամանակահատվածում դրսևորված վստահության համար.
«Խոստանում եմ ծառայել՝ բացառապես ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի»,- ընդգծել է Կոտայքի նորանշանակ մարզպետը:
Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի անունից շնորհավորում և արդյունավետ գործունեություն ենք մաղթում նորանշանակ մարզպետին: