Նորություններ
Լրահոս
Գեղարդալճից ինքնահոս եղանակով կայուն ոռոգման ջրով կապահովեն ՀՀ Կոտայքի մարզի մի շարք համայնքներ
17.09.2020
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Ինչպես նշել է ՏԿԵ նախարարը, սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքների ընթացքում Գողթ համայնքի բնակիչների խոչընդոտների և բողոքների պատճառով շինարարական աշխատանքները ամբողջական ծավալով չեն իրականացվել: Անհրաժեշտ ծրագրային ցուցանիշներն ապահովելու համար անհրաժեշտ է ավարտին հասցնել այդ հատվածի կառուցման շինարարական աշխատանքները, որոնց նախագծանախահաշվային փաստաթղթերը և փորձաքննությունն արդեն պատրաստ են։
Պահանջվող գումարը կվերաբաշխվի ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի «Կոշտ թափոնների կառավարում» ծրագրի «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագիր» միջոցառման համար նախատեսված գումարներից:
Ոռոգման ջրագծի կառուցման շնորհիվ ՀՀ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքներում ոռոգման մեխանիկական համակարգը կփոխարինվի ինքնահոս համակարգով:
«Ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման» ծրագրի շրջանակներում «Գեղարդալճի ինքնահոս համակարգի կառուցում» շինարարական աշխատանքներն ավարտելու և շահագործման արդյունքում կտնտեսվի էլեկտրաէներգիա, ինչպես նաև Գեղարդալճից ինքնահոս եղանակով կայուն ոռոգման ջրով կապահովեն ՀՀ Կոտայքի մարզի Հացավան, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ և Ձորաղբյուր համայնքները: