Նորություններ
Լրահոս
Մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանը Ողջաբերդ համայնքում էր
15.09.2020
Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանն աշխատանքային այցով Ողջաբերդ համայնքում էր՝ անձամբ հանդիպելու սողանքային գոտու բնակիչներին, առարկայական տեսնելու խնդիրները և պետության կողմից առավել ռիսկային վիճակում գտնվող ընտանիքների փոխհատուցման ծրագրի ներկա փուլը քննարկելու նպատակով:
Հիշեցնենք, որ խնդրի լուծման համար Կոտայքի մարզպետարանը փաթեթ էր ներկայացրել կառարավարություն. կա որոշման նախագիծ, այժմ խնդրի լուծմանն ուղղված քննարկումներ են ընթանում:
Նշենք, որ Ողջաբերդի սողանքային գոտու խնդրին փուլային լուծում է առաջարկվում. նախատեսվում է նախ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել առավել ռիսկային վիճակում գտնվող տների բնակիչներին, ապա մյուսներին՝ ըստ վթարայնության աստիճանի:
Առնակ Ավետիսյանը շրջել է համայնքով և դիտարկել խնդրի առարկա հանդիսացող կոնկրետ բնակարաններ:
Ա.Ավետիսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Ողջաբերդ համայնքի այս լրջագույն հարցը շարունակում է մնալ մարզային իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում և արվում է առավելագույնը՝ ուղղված խնդրի վերջնական հանգուցալուծմանը:
Այցի շրջանակներում Առնակ Ավետիսյանը եղել է նաև համայնքի միջնակարգ դպրոցում:
Մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանը շուրջ 2 մլն դրամ է հատկացրել դպրոցին, որի շրջանակում ջրագիծ է անցկացվել, նոր դարպաս է տեղադրվել, ձեռք է բերվել վագոն-տնակ՝ գրադարանի համար, ինչպես նաև վերանորոգվել են վագոն-տնակներում տեղակայված դասասենյակները:
Նշենք, որ ՏԿԵՆ Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակում Ողջաբերդում առաջիկայում կմեկնարկեն ներտնտեսային ցանցի բարելավմանն ուղղված աշխատանքներ: