Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանը այցելել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց և ողջունել առաջին դասարանցիներին
14.09.2020
Հանրապետության բոլոր հանրակրթական հաստատություններում այսօրվանից մեկնարկել է նոր ուսումնական տարին:
Ըստ գործող կարգի, այսօր դպրոց են հաճախում առաջին դասարանցիները:
Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը մարզպետի խորհրդական Արևշատ Առաքելյանի և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ առավոտյան այցելել է Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց՝ ողջունելու առաջին դասարանցիներին.
«Այսօր ևս մեկ անգամ առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել հատկապես առաջին անգամ դպրոց մուտք գործող մեր ամենակրտսեր աշակերտներին և մաղթել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացու կերտման այս կարևորագույն օրրանից քաղեք միայն լավագույնը և նոր բացահայտումների ու հետաքրքրությունների այս դարբնոցը դառնա հենասյուն ձեր հետագա ողջ կյանքի ընթացքում:
Իսկ մեր մանկավարժներին և առհասարակ, կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին պիտի ևս մեկ անգամ հորդորեմ՝ համավարակի այս դժվարին փուլում կրթական գործընթացը կազմակերպել համախմբված, կանոնակարգված՝ առանցքում ունենալով մեր երեխաների լավագույն շահը:
Բարի երթ և հաջողություններ բոլորին»,- իր խոսքում նշել է Առնակ Ավետիսյանը:
Փոխմարզպետը շրջել է դասասենյակներով, դիտարկել հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղղությամբ այստեղ իրականացված աշխատանքները:
Նա նշել է, որ մարզպետարանը պարբերական մշտադիտարկումներ է իրականացնելու մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում՝ համավարակի պայմաններում հակահամաճարակային անվտանգության կանոնների պատշաճ իրականացման նպատակով:
Ի դեպ, այս տարի մեր մարզի հանրակրթական հաստատություններ են հաճախում 3813 առաջին դասարանցիներ: