Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը խորհրդակցություն է անցկացրել մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ

10.09.2020

 Այսօր Աբովյանի Ն.Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում տեղի է ունեցել խորհրդակցություն մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ, որը վարում էր Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի խորհրդական Արևշատ Առաքելյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև Ֆինանսատնտեսագիտական վարչությունների պատասխանատու պաշտոնյաներն ու մասնագետները:

 Ողջունելով ներկաներին՝ Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը մատնանշել է 3 հիմնական ուղղություններ, որոնք առաջնային են և ողջ ուսումնական տարվա ընթացքում լինելու են մարզային իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում:

 Առաջինը վերաբերվում է համավարակի պայմաններում կրթական գործընթացի պատշաճ և անխոչընդոտ կազմակերպման անհրաժեշտությանը:
Այս ուղղությամբ Ա. Ավետիսյանն ընդգծել է հատկապես դպրոցների տնօրենների աչալրջության և հետևողականության կարևորությունը՝ նշելով, որ մարզպետարանի կողմից ամենօրյա և ամենժամյա մշտադիտարկումներ են իրականացվելու՝ հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ հանրակրթական հաստատություններում տիրող իրավիճակի վերլուծության նպատակով:

 Փոխմարզպետն անդրադարձել է նաև այս տարվանից մեկնարկող համընդհանուր ներառական կրթության գործընթացին և դպրոցների տնօրեններին հանձնարարել՝ առավելագույն ջանքեր ներդնել՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների ներգրավումը սահուն և անցնցում իրականացնելու նպատակով:

 Նշենք, որ մարզային ենթակայության դպրոցներում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում այս տարի Կոտայքի մարզպետարանը ռեկորդային թվով՝ շուրջ 500 մլն դրամ է հատկացրել՝ մեր մարզի ավելի քան 40 դպրոցներում լայնածավալ շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

 Քննարկվել են նաև այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները.Առնակ Ավետիսյանը հանձնարարել է տնօրեններին՝ հսկողության ներքո պահել մեկնարկած շինաշխատանքների որակյալ կատարումը և սահմանված ժամկետների խստիվ պահպանումը:

 Հագեցած օրակարգով խորհրդակցության ընթացքում մատնանշված ուղղություններից բացի, տնօրենների կողմից հնչել են հարցեր, որոնք պարզաբանվել են մարզպետարանի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների կողմից:

 Հանդիպման ընթացքում կարևոր արձանագրում է եղել. մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունները պատրաստ են նոր ուսումնական տարվա մեկնարկին, իսկ հընթացս հանդիպող խնդիրները ըստ տարածաշրջանների կքննարկվեն ամենամսյա խորհրդակցությունների շրջանակներում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28