Նորություններ
Լրահոս
«Արձագանք» ու «Անվերջության ժապավեն» քանդակների վերականգնման համար երրորդ մրցույթն է հայտարարվել
25.08.2020
Դեռ անցյալ տարեսկզբին Կոտայքի մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող երկու եզակի քանդակների վերականգնման անհրաժեշտությունն էր, որոնք թալանված և գործնականում ոչնչացված վիճակում են։
Խոսքը Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակների մասին է, որոնց վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման անհրաժեշտության մասին միտքը հղացել էր ՀՀ Վարչապետը:
Տեղեկացնում ենք, որ Սևան-Երևան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարներ» եւ «Արձագանք» հուշարձանների վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման նպատակով արդեն հայտարարվել է թվով երրորդ մրցույթը:
Հիշեցնենք, որ «Ճանապարհաշինարարների» և «Արձագանքի» վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է համապատասխանաբար 176 միլիոն և 76 միլիոն դրամ:
Հունիս և հուլիս ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակային մրցույթ է հայտարարել՝ վերականգնման աշխատանքներն իրականացնող ընկերություն ընտրելու համար: Երկու մրցույթներն էլ չեն կայացել՝ մասնակից չլինելու պատճառով:
Երեկ ԿԳՄՍ նախարարությունը երրորդ մրցույթն է հայտարարել: