Նորություններ
Լրահոս
Ծաղկաձորի մանկապարտեզի բակային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են, իսկ մանկական արվեստի դպրոցի կառուցումն ընթացքի մեջ է
24.08.2020
Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանի՝ Հրազդանի տարածաշրջան կատարած գերհագեցած օրակարգով աշխատանքային այցերի վերջին կանգառը Ծաղկաձորում էր:
Այս տարի պետական բյուջեի աջակցությամբ Ծաղկաձորում ռեկորդային թվով և բյուջեով ծրագրեր են իրականացվելու, որոնք, անշուշտ, տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում համակարգված փոխգործակցության արդյունք է՝ միտված մեր համայնքներում կյանքի որակի բարձրացմանը:
Նշենք, որ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերին զուգահետ Ծաղկաձորում ընթացքի մեջ են նաև 2019 թվականի սուբվենցիաներով մեկնարկած ծրագրերից:
Ծաղկաձորում փոխմարզպետ Ա.Ավետիսյանը նախ այցելել է համայնքային մանկապարտեզ, որի բակային հատվածի բարեկարգման աշխատանքները մեկնարկել էին 2019 թվականին և շարունակվել նաև այս տարի:
Շուրջ 81.900.000 դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում կառուցվել է ընդարձակ բակ՝ նոր հենապատով և նոր մարզագույքով հագեցած խաղահրապարակով: Փոխվել է տանիքը, կառուցվել է ցանկապատ, ամբողջովին փոխվել է ջրահեռացման համակարգը, որը երկար տարիներ խնդիր է հանդիսացել ամբողջ համայնքի համար:
Այս ծրագիրն իրականացվել է պետություն-համայնք 50/50 % համաֆինանսավորմամբ:
Նշենք, որ 2019 թվականի սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակում Ծաղկաձորի մանկապարտեզին կից նոր մանկական արվեստի դպրոց է կառուցվում:
Փոխմարզպետը եղել է նաև այդ տարածքում, զրուցել շինարարների և պատասխանատուների հետ:
Հիշեցնենք, որ նախկինում արվեստի դպրոցը տեղակայված է եղել մանկապարտեզի տարածքում, որտեղ հաճախել է 67 սան: Արդեն առանձին գործող մանկական արվեստի դպրոցը էականորեն կբարձրացնի հաճախելիությունը, և մեր երեխաները կկրթվեն ավելի լուսավոր և բարեկարգ պայմաններում:
Կոտայքի մարզպետի պաշտոնակատարը կարևորել է հատկապես Ծաղկաձորում մասշտաբային շինարարական ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով, որ դրանք նոր շունչ և տրամադրություն են հաղորդելու զբոսաշրջային այս գեղատեսիլ քաղաքին՝ զբոսաշրջության խթանմանն ուղղված նոր ենթակառուցվածքներ ներգրավելու առումով:
Ի դեպ, 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Ծաղկաձորոմ իրականացվել են նաև ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման, լայնացման, մայթերի կառուցման և եզրաքարերի տեղադրման աշխատանքներ:
Այդ աշխատանքները կշարունակվեն արդեն 2020 թվականի սուբվենցիոն մի շարք ծրագրերի շրջանակներում: