Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը
24.08.2020
Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցությունը մեկնարկել է նախորդ շաբաթվա հանձնարարականների քննարկմամբ, որից հետո ներկաներն անցել են օրակարգի սպառմանը:
Առնակ Ավետիսյանը մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման ուշադրությունը հրավիրել է մարզի կոնկրետ համայնքներում արձանագրված ապօրինի ջրօգտագործման դեպքերի առնչությամբ մարզպետարան ուղղված ահազանգերին և հանձնարարել՝ համագործակցելով համայնքների ղեկավարների հետ՝ամենախիստ վերահսկողություն իրականացնել նշված դեպքերը այսուհետ բացառելու և երևույթն, առհասարակ, արմատախիլ անելու մեր համայնքներից:
Առնակ Ավետիսյանը հետաքրքրվել է նաև սեպտեմբերի 15-ից նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ կրթական պրոցեսի կազմակերպման ընթացքից: Վեր են հանվել խնդիրները և քննարկվել դրանց ուղղությամբ նախատեսվող միջոցառումների շրջանակը:
Փոխմարզպետն ընդգծել է, որ համավարակի պայմաններում չափազանց կարևոր է կրթական գործընթացի հավուր պատշաճի կազմակերպումը՝ սեպտեմբերի 15-ին ընդառաջ խնդիրները բացառելու և կրթական գործընթացին լիարժեք պատրաստ լինելու նպատակով:
Քննարկվել է մարզի սողանքային գոտում բնակվող մեր քաղաքացիների փոխհատուցման տրամադրման գործընթացի ներկա կարգավիճակը, ինչպես նաև խնդրի լուծմանն ուղղված մեխանիզմներ և փոխմարզպետի կողմից տրվել հանձնարարական՝ ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ սողանքային գոտու բնակիչների աջակցության տրամադրման գործընթացի ներկա փուլը խորքային հասկանալու և ըստ այդմ՝ պրոցեսը արագացնելու ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել նաև հանրապետական և մարզային նշանակության ճանապարհահատվածների մերձակա տարածքներում աղբահանության պատշաճ իրականացմանը, մարզի տարածքում իրականացված և իրականացվող շինարարությունների հետ կապված՝ թերությունների վերացմանը և ոլորտային այլ հարցեր:
Բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ տրվել են հստակ հանձնարարականներ: