Նորություններ
Լրահոս
Թեղենիքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ, իսկ Զովունու միջնակարգ դպրոցում վերանորոգվում է տարրական մասնաշենքը
21.08.2020
Ամփոփելով Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի աշխատանքային այցերը Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջան՝ նշենք, որ փոխմարզպետը նաև Թեղենիք համայնքում էր:
Այստեղ կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվում են ներհամայնքային փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ: Ծրագրի արդյունքում ասֆալտապատվում է շուրջ 100 մետր ճանապարհահատված:
Առնակ Ավետիսյանն այստեղ ևս ընդգծել է որակյալ շինաշխատանքների իրականացման կարևորությունը և հորդորել աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում:
Նշենք, որ 2019 թվականի կառավարության սուբվենցիոն ծրագրով կրկին կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել այս համայնքում:
Հաջորդիվ փոխմարզպետը Զովունի բնակավայրի միջնակարգ դպրոցում էր: Ա.Ավետիսյանը շրջել է դպրոցի տարածքում, դիտարկել տարրական մասնաշենքը, որտեղ առաջիկա օրերին մեկնարկելու են շինարարական աշխատանքներ:
Նշենք, որ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանը Զովունու միջնակարգ դպրոցին է հատկացրել 10 մլն դրամ՝ տարրական մասնաշենքում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Եվս 5 մլն դրամ կներդնի դպրոցն իր խնայողություններից:
Արդյունքում՝ կվերանորոգվեն միջանցքներ, դասասենյակներ, կփոխվի աստիճանավանդակը, առաջին հարկի դասասենյակներում կիրականացվեն հատակների փոխարինման և լամինատե հատակների տեղադրման աշխատանքներ:
Առնակ Ավետիսյանը նշել է, որ մարզային ենթակայության բացառապես բոլոր ուսումնական հաստատությունների հիմնանորոգման, վերանորոգմանն ուղղված ծրագրերը մարզային իշխանությունների համար առաջնահերթություն են և պետք է անել առավելագույնը՝ մեր աշակարտների կրթության համար նպաստավոր միջավայր ապահովելու համար:
Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանի այցերը մարզի համայնքներ պարբերական բնույթ են կրելու: