Նորություններ
Լրահոս
Ծառերի սանիտարական էտի աշխատանքները պետք է իրականացնել բացառապես գործող կարգի համաձայն՝ խստագույնս պահպանելով էտի կանոնները. ահազանգի հետքերով
17.08.2020
Կոտայքի մարզպետարանը Աբովյան համայնքի մեր քաղաքացիներից ահազանգ է ստացել առ այն, որ համայնքի Զորավար Անդրանիկ պողոտայի ոստիկանության շենքի հարակից տարածքից մինչև մշակույթի տուն ընկած ճանապարհահատվածում «Բարդի» տեսակի ծառատեսակներ են հատվում:
Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանի հանձնարարությամբ ահազանգից անմիջապես հետո տեղում են եղել մարզպետի խորհրդական Արևշատ Առաքելյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը՝ տեղում իրավիճակը ճշտելու և համապատասխան գնահատականներ տալու նպատակով:
Նշենք, որ ծառահատման աշխատանքներն իրականացվում էին Աբովյանի համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից:
Հայտնում ենք, որ Կոտայքի մարզպետարանն արդեն իսկ համապատասխան գրություններ է ուղարկել Աբովյան համայնքի ղեկավարին՝ պարզելու կատարվածի օրինականությունն ու հիմնավորումները և ամենակարճ ժամկետներում տեղեկատվություն ներկայացնելու Կոտայքի մարզպետարան, ինչպես նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ վարչական վարույթ իրականացնելու և օրինականությունը պարզելու նպատակով:
Միաժամանակ, Կոտայքի մարզպետի պաշտոնակատար Առնակ Ավետիսյանը Գյուղատնտեսության և բնապահպանության վարչությանը հանձնարարել է՝ մարզի բոլոր համայնքների ղեկավարներին ևս մեկ անգամ հորդորել և զգուշացնել՝ ծառերի սանիտարական էտի աշխատանքներն իրականացնել բացառապես գործող կարգի համաձայն՝ խստորեն պահպանելով էտի կանոնները: