Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետարանում

04.08.2020

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետատանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

 Փոխմարզպետը հետաքրքրվել է ընթացիկ աշխատանքներից՝ մասնավորապես անդրադառնալով համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, մարզում այս պահին իրականացվող սուբվենցիոն և ոլորտային բազմաթիվ ծրագրերի իրականացման ընթացքին:

 Հատկանշական է, որ թեև համավարակով պայմանավորված՝ բոլոր ոլորտներում են խնդիրներ առաջացել, սակայն համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գումարային առումով մեր մարզում ավելացել են հավաքագրումները, ինչը Առնակ Ավետիսյանը գոհացուցիչ է համարել:

 Ինչ վերաբերում է սուբվենցիոն ծրագրերին, ապա այս պահին ընթացքի մեջ են ոչ միայն 2020 թվականին հաստատված ծրագրերի մեծ մասը, այլ նաև անցյալ տարվա 5 սուբվենցիոն ծրագրերը, որոնք տեղափոխվել են այս տարի:

 Առնակ Ավետիսյանը համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարել է՝ համայնքների ղեկավարների և շինարարների հետ փոխգործակցել՝ նախատեսված աշխատանքները որակյալ և սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու նպատակով:

 Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև նոր ուսումնական տարվանից համընդհանուր ներառական կրթության գործընթացին անցնելու տեսանկյունից մարզային ենթակայության դպրոցների պատրաստվածությունը և հընթացս հանդիպող խնդիրները:

Ներկայացվել է, որ գործընթացը բնականոն հունով ընթանում է և որևէ լուրջ խոչընդոտ այս առումով չկա:

 Անդրադառնալով կրթության ոլորտին՝ Առնակ Ավետիսյանն ընդգծել է, որ դպրոցներում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում շուրջ 500 մլն դրամ է հատկացվել՝ մարզային ենթակայության ավելի քան 40 դպրոցներում լայնածավալ շինարարական աշխատանքներ (սանհանգույցների վերանորոգում, տանիքների և պատուհանների փոխարինում) իրականացնելու նպատակով:

 Փոխմարզպետը առանձնահատուկ շեշտել է նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և համապատասխան եզրակացության գործընթացի՝ պատշաճ մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունը՝ հանձնարարելով խիստ հսկողության տակ պահել գործընթացը՝ խնդիրները բացառելու նպատակով:

 Անդրադառնալով օրերս Հրազդանում կարկտահարության հասցրած վնասին և դրանով պայմանավորված՝ կառավարության հնարավոր աջակցությանը, փոխմարզպետը հանձնարարել է՝ համայնքների ղեկավարների հետ քննարկել կարկտավտանգ հատվածներում նոր կայանների տեղադրման հարցը՝ որպես օրինակ ունենալով Մեղրաձորի և Չարենցավանի տարածաշրջանները. նշված վայրերի կարկտավտանգ հատվածներում կայանների տեղադրմամբ հնարավոր է եղել խուսափել վերջին կարկտահարությունից, ինչպես նաև խրախուսել գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրման մեխանիզմների կիրառումը մարզի համայնքներում:

 Անդրադարձ է եղել նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մարզում առկա պատկերին. քննարկվել են բազմաթիվ այլ հարցեր ևս, փոխմարզպետի կողմից տրվել են հանձնարարականներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32