Նորություններ
Լրահոս
Ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացում Կոտայքի մարզի բնակավայրերում
28.07.2020
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրականացնում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր, որի ընդհանուր արժեքը 50 միլիոն ԱՄՆ դոլար է:
40 միլիոն դոլարը Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկ է, 10 միլիոն դոլարը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է:
Ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները:
Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն իրականացվում է նաև Կոտայքի մարզում:
Վերականգնվելու են ներտնտեսային ոռոգման համակարգեր Գողթ, Ակունք, Արամուս, Ջրվեժ (Ձորաղբյուր), Ողջաբերդ, Եղվարդ, Զորավան, Արագյուղ, Նոր Արտամետ, Կարենիս, Պռոշյան, Քանաքեռավան, Ջրառատ բնակավայրերում: Տպավորիչ են հատկապես սպասվող արդյունքները. ծրագրի հաջող ավարտից հետո Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվեն 64.2 կիլոմետր ջրանցքներ, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի:
Այս ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը: