Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը Արամուսում հետևել է մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին
27.07.2020
Այսօր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Արամուս համայնքում էր՝ ներկայացնելու համայնքի ղեկավարի պաշտոնակատարին:
Օգտվելով առիթից, մարզպետը շրջայց կատարեց Արամուսում սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզի շին, հրապարակում՝ տեղում ծանոթանալու այս փուլում աշխատանքների ընթացքին:
Պետության աջակցությամբ Արամուսում իրականացվող 2019 և 2020 թվականների սուբվենցիոն ծրագրերի արդյունքում շուրջ 40 տարի նախակրթական հաստատություն չունեցած համայնքը (համայնքի փոքրիկները ստիպված հաճախել են Աբովյանի կամ Կամարիսի մանկապարտեզներ) ունենալու է մոտ 1.750ք/մ ընդհանուր մակերեսով և նորագույն լուծումներով մանկապարտեզի նոր շենք (6 խմբով)՝ նախատեսված համայնքի և հարևան Կաթնաղբյուրի շուրջ 150 փոքրիկների համար:
Նշենք նաև, որ Կառավարության 2020 թվականի մեկ այլ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում գազիֆիկացվելու են համայնքի Անկախության թաղամասի 4-րդ և 5-րդ, Երիտասարդական թաղամասի 8-րդ, 9-րդ և 10-րդ փողոցները և Տիգրանաձորի խճուղու 3-րդ փակուղին:
Կոտայքի մարզում քաղաքացիների կյանքի որակը փոխելուն ուղղված միջոցառումները շարունակվում են: Շարունակվում են նաև համայնքների ղեկավարների և շինարարական ընկերությունների հետ ամենօրյա ռեժիմով աշխատանքները՝ մարզի համայնքներում բոլոր սուբվենցիոն ծրագրերը ամբողջական ծավալով ու լավագույն որակով ավարտելու նպատակով:
Մարզպետն Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատարին ևս հորդորել է իր մշտական ու աչալուրջ հսկողության ներքո պահել համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը և ապահովել դրանց անխափան ընթացքը: