Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետարանը պարզաբանում է
21.07.2020
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածված Վերին Աղբյուրակ թաղամասի հարակից անտառներում թրթուրները կերել են ծառերի մեծ մասի տերևները« տեղեկության առնչությամբ Կոտայքի մարզպետարանը հարկ է համարում պարզաբանել, որ
Դեռևս հունիսի վերջերին մարզի Հրազդան, Քաղսի, Սոլակ համայնքների հարակից անտառաշերտերում՝ շուրջ 500 հա տարածքի վրա, նկատվել է «Ոսկետուտ» կոչվող թրթուրներով լուրջ վարակվածություն և հետզհետե ավելացում, ինչն էլ հարուցել է տեղի ազգաբնակչության արդարացի դժգոհությունը, քանի որ այն կարող է տարածվել հարակից ցանքատարածություններ:
Խնդրի առնչությամբ Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը նախ դիմել է Անտառտնտեսության Հրազդանի տեղամաս, ապա Կոտայքի մարզպետը համապատասխան գրություններով դիմել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային Կոմիտե, ինչպես նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վ.Ջիլավյանին՝ վարակի օջախը վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և խնդիրն արագ կարգավորելու նպատակով:
Ի պատասխան մարզպետի գրությունների, Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել են, որ ըստ գործող կարգի, «Ոսկետուտ» թրթուրի դեմ ավիացիոն սրսկման պայքար իրականացնելու համար երկու անգամ մրցույթ է հայտարարվել, սակայն հաղթող ընկերություններ չլինելու հետևանքով սրսկման գործընթաց չի իրականացվել:
Միևնույն ժամանակ նախարարությունից հայտնել են, որ քանի որ նշված հատվածներում արդեն ձվադրում է կատարվել, սրսկման գործընթացն այլևս անիմաստ է:
Ըստ Անտառտնտեսության Հրազդանի տեղամասի մասնագետների, այս պահին ընթանում է ծառերի տերևակալման և կանաչացման վերականգնման գործընթաց: