Նորություններ
Լրահոս
Կոտայքում ամենատարբեր ծրագրերով կմեկնարկեն 5 դպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքներ
10.07.2020
Կրթությունը մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթություններից է և այս ոլորտում ևս շինարարական բուռն շրջանի մեկնարկ է սպասվում:
Եվ այսպես, մարզի 5 դպրոցներ այս տարի կկառուցվեն և կվերակառուցվեն մի շարք ծրագրերի շրջանակներում`
✅Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց
✅Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոց
✅Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց
✅Կաթնաղբյուրի հիմնական դպրոց
✅Ջրառատի միջնակարգ դպրոց:
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում այս տարի մեր մարզում կապամոնտաժվեն և կվերակառուցվեն սեյսմիկ անվտանգության տեսանկյունից խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա 2 դպրոցներ` Աբովյանի թիվ 2 և Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոցները: Այս դպրոցները ճանաչվել են սեյսմավտանգ, ուստի ենթակա են քանդման և վերակառուցման:
Վերակառուցումից հետո դպրոցները բավարարելու են ժամանակակից քաղաքաշինական և կրթական պահանջարկի բոլոր չափանիշներին, մասնավորապես՝ սեյսմակայուն են լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում: Նորակառույց դպրոցները մատչելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
Անդրադառնանք Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցին, որը 3-րդ աստիճանի վթարային է ճանաչված և արդեն պետական բյուջեի միջոցներով հիմնովին կքանդվի և կվերակառուցվի` նախատեսված շուրջ 600 աշակերտի համար. Ներկայում աշակերտների թիվը 345 է:
Դե իսկ, կառավարության «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ծրագրի շրջանակում նախատեսվում է 2020թ-ին Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կառուցել մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցներ:
Մինչև 100 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես ուսումնական հաստատություններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ:
Նշենք, որ Կաթնաղբյուր համայնքում արդեն դիտարկել ենք այն հատվածը, որտեղ կկառուցվի նոր դպրոցի շենք, իսկ Ջրառատում մոդուլային դպրոցը նախատեսված է կառուցել գործող դպրոցի հարակից տարածքում:
Որոշ դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ընդունման մրցույթներն արդեն հայտարարված են: