Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շնորհավորել է Ամառային զորակոչի մեկնարկի առթիվ
01.07.2020
Հանրապետության, և մասնավորապես, Կոտայքի մարզի սիրելի’ զորակոչիկներ,
Հուլիսի 1-ից մեկնարկում է 2020 թվականի ամառային զորակոչը:
Այսուհետ դուք ստանձնում եք նոր պարտավորություն՝ միտված հայկական մեր երկու պետությունների սահմանների պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը:
Ամուր պետության հիմնաքարը հզոր բանակն է, իսկ հզոր բանակի անփոխարինելի հենասյունը դուք եք և ձեր ընկերները:
Անկեղծորեն ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը Ազգային Բանակ մեկնի հենց այս գիտակցումով:
Սիրելինե՛րս,
Այսօր կյանքի նոր շրջափուլ եք մտնում, որն, անշուշտ, ձեզ համար անծանոթ է և բացահայտումներով ու փորձություններով լի:
Նոր փորձություններով, հետաքրքրություններով և ձեռքբերումներով լի երկու տարիների ընթացքում երբեք չկորցնեք զգոնությունը, շրջահայացությունը, ընկերասիրությունը և բոլոր իրավիճակներում գործեք իբրև իր պարտականությանը գիտակից, արի և վեհանձն ՄԱՐԴ:
Իր մեջքն ուղղած մեր պետությունն այսօր անում է առավելագույնը՝ մարտունակ բանակ ունենալու և ձեր ծառայության համար առավել բարենպաստ ու անվտանգ միջավայր երաշխավորելու համար:
Մեր սահմանների ամրությունն այսօրվանից նաև ձեր ձեռքերում է:
Իմացե՛ք, որ ձեր թիկունքին Հայաստանի Հանրապետությունն է, իսկ մեր պետության անվտանգության և մեր սահմանների անառիկության առաջին երաշխավորը դուք եք:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ամառային զորակոչի մեկնարկի առթիվ՝ խաղաղ ու անփորձանք ծառայություն եմ մաղթում ձեզ բոլորիդ. իսկ ձեր ծնողներին ու հարազատներին՝ հպարտության զգացումի հետ մեկտեղված` համբերություն և հարգանքներիս հավաստի’քը:
Շնորհակալություն: