Նորություններ
Լրահոս
Մայակովսկու մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով կապիտալ նորոգվելու է
15.05.2020
2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված Մայակովսկի համայնքի մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի կապիտալ վերանորոգման և բակի բարեկարգման ծրագրային հայտը:
Առնվազն մեկ տասնամյակ Մայակովսկիում մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ, կամ չեն հաճախել ընդհանրապես:
Շուրջ տասը տարի լքված մանկապարտեզի երկհարկանի խմբային առաջին մասնաշենքի հիմնանորոգումն իրականացնելու նպատակով դեռ անցյալ տարի Կոտայքի մարզպետը առաջարկել է ծրագիրը ներառել Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ցանկում, ինչի արդյունքում մասնաշենքը Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրատվությամբ հիմնանորոգվել է:
Այժմ երկրորդ մասնաշենքի կապիտալ նորոգման արդյունքում արդեն ընթացիկ տարվա աշնանամուտին համայնքը կունենա ամբողջովին հիմնանորոգված մանկապարտեզ 4 խմբով ` նախատեսված 90 -110 սաների համար:
Ծրագրի նախահաշվային արժեքը 67.730.510 դրամ է. աշխատանքներն իրականացվելու են պետություն-համայնք 50% /50% համաֆինանսավորմամբ:
Մարզպետը բազմիցս ընդգծել և ևս մեկ անգամ վերահաստատում է, որ մանկապարտեզները ինստիտուցիոնալ առումով չափազանց կարևոր առաքելություն ունեն: Դրանք ոչ միայն սոցիալական, կրթական, դաստիարակչական, այլ նաև մշակութային կարևորություն ունեն, և եթե համայնքը ունի բարեկարգ մանկապարտեզ, ապա իր գլխավոր ու պարտադիր խնդիրներից մեկը կատարել է:
Նշենք, որ ընդհանուր առմամբ Կոտայքի մարզի 38 համայնքներից ՀՀ կառավարություն ենք ներկայացրել 105 ծրագրային հայտ` շուրջ 6.2 մլրդ. դրամ արժեքով: