Նորություններ
Լրահոս
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է կրթաթոշակի մասին
12.05.2020
«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է «Երաժշտություն հանուն ապագայի» տարեկան անվանական կրթաթոշակի մասին:
Հիմնադրամի նպատակն է բացահայտել մշակույթի և արվեստի տաղանդավոր ներկայացուցիչներին, նպաստել նրանց հեռանկարային աջակցմանը, ինչպես նաև խթանել հայկական մշակույթի, դասական երաժշտության կատարողական արվեստի զարգացումն ու տարածումը հասարակության մեջ:
Կրթաթոշակը նախատեսված է 10-16 տարեկան հայ տաղանդավոր երիտասարդների/երաժշտական և արվեստի դպրոցների սաների/ համար հետևյալ մասնագիտություններով` ջութակ, ալտ, թավջութակ, ֆլեյտա, հոբոյ, ֆագոտ, գալարափող, շեփոր, տրմբոն, հարվածային գործիքներ, դաշնամուր և տավիղ:
Միջազգային ժյուրիի կողմից ընտրված 10 լավագույնները կստանան դրամական խրախուսում, աշխարհի ճանաչված երաժիշտների վարպետության դասերին անվճար մասնակցելու, այդ թվում` առցանց, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հայաստանյան համերգներին և փորձերին անվճար ներկա գտնվելու հնարավորություն:
Ծրագրի երաժշտական ղեկավարն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Դիմելու վերջնաժամկետն է ս/թ մայիսի 22-ը: Կրթաթոշակին դիմելու մանրամասները ներկայացված են հիմնադրամի www.m4f.foundation կայքէջում:
Կոնտակտային հեռախոսահամարներ` 011 23-21-13, 095 03-24-72: