Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ՏԿԵ նախարարի հետ հետևել է Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի վերանորոգման ընթացիկ աշխատանքներին
04.05.2020
Նախօրեին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, փոխնախարար Քրիստինե Ղալեչյանին և ճանապարհաշինության ոլորտի պատասխանատու աշխատակիցներին ուղեկցել է՝ ծանոթանալու Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի վերանորոգման ընթացիկ աշխատանքներին։
Նախարարին ներկայացվել են կատարված աշխատանքները և նշված հատվածի կառուցման ընթացքում կիրառվող ճանապարհաշինական նոր մեթոդը։
Նշենք, որ ՀՀ Կառավարության ծրագրով հիմնանորոգվում է Աբովյանի տարածաշրջանը Աշտարակին կապող ճանապարհի 12.7 կմ ճանապարհահատվածը և հիմքից կառուցվում է լիովին նոր քառաթև կամուրջ։
Աշխատանքներն իրականացվում են առանց ցեմենտի օգտագործման, տեղում 20 սմ ամբողջությամբ հարթեցվում է: Հիմնային շերտի տեղադրումից հետո կիրականացվի ասֆալտապատում:
Ճանապարհաշինական աշխատանքները վերսկսվել են ապրիլի 17-ից՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին՝ պահպանելով սահմանված սանիտարահիգիենիկ պայմանները։
Շինարարներն ապահովված են բժշկական պաշտպանիչ դիմավահաններով և ախտահանիչ նյութերով։
Մինչև Եղվարդ 3,5 կմ երկարությամբ հատվածի շինարարությունն արդեն ավարտված է:Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում շինաշխատանքները կավարտվեն 2 ամսից:
Վերականգնվել են անասունների, գյուղտեխնիկայի փոխադրման անցումները: