Նորություններ
Լրահոս
Մարզկենտրոն Հրազդանում նախատեսված են ճանապարհաշինական մի շարք ծրագրեր
29.04.2020
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված առաջին սուբվենցիոն ծրագրային հայտը, որի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված:
Այս տարի մասնավորապես ճանապարհաշինության ոլորտում մարզի տարբեր համայնքներում պետական ամենատարբեր ծրագրերով իրականացվելու են բազմաթիվ նախագծեր, ընթացքի մեջ են նաև անցյալ տարի մեկնարկած ծրագրերը, որոնք պարբերաբար կներկայացնենք ձեր ուշադրությանը:
Իրազեկման շարքը կմեկնարկենք մարզկենտրոն Հրազդանից:
Եվ այսպես,
- Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակներում այս տարի մարզկենտրոն Հրազդանում կիրականացվի Շահումյան փողոցի 9233 քմ մակերես (մոտ 1,6 կմ) ընդգրկող ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագիր՝156.0 մլն դրամ արժողությամբ
- Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 207,4 մլն դրամ արժողությամբ, 22 000 քմ մակերես (մոտ 3,6 կմ) ընդգրկող ներհամայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքներ (Միկրոշրջանի Պուրակային փողոց, 5-րդ փողոցի 1-ին նրբանցք, Կենտրոն, Ջրատառ, Միկրոշրջանի թաղամասային ճանապարհներ, Փոքր Բուլվարային և Տիգրան Մեծ փողոցներ, Հարավային թաղամաս՝ Ռ. Միքայելյան և Ավետիսյան փողոցներ):
Ի հավելումն նշենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ենք ներկայացրել մի քանի նախագծեր ևս՝ պետական որևէ ծրագրով մարզկենտրոն Հրազդանում ճանապարհաշինական աշխատանքներ մեկնարկելու նպատակով,
մասնավորապես,
- հանրապետական նշանակության՝ Հրազդանի Երիտասարդական թաղամաս տանող (մոտ 3 կմ) ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագիր
- Հրազդանի սկզբնամասից (Սպանդարյան փողոց) մինչև Երկաթուղու անցում տանող (3,2 կմ)՝ առավել վատ վիճակում գտնվող հատվածների հիմնանորոգում կամ նորոգում:
Հաջորդիվ կներկայացնենք մարզի մյուս խոշոր համայնքներում և բնակավայրերում իրականացվող և նախատեսված ճանապարհաշինական ծրագրերը: