Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի տնտեսվարողները կարկտահարության ռիսկերից ապահովագրել են կորիզավոր պտուղ (ծիրան՝ 1 հա) և հնդավոր (խնձոր՝ 11 հա)
28.04.2020
Նախորդ տարվանից մեկնարկել է «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը», որի շրջանակներում ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-65 տոկոս՝ կախված ապահովագրական արտադրանքից:
Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ ըստ թվով 5 ռիսկային գոտիների։
Ընտրվել է փոխհատուցման ծախսերի 5 մակարդակ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր ամենացածր և ամենաբարձր արտադրական ծախսերի վրա՝ ըստ ապահովագրված մշակաբույսերի:
Ծրագրով 2019 թվականի աշնանը՝ 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար 3 ռիսկերից` կարկուտ, հրդեհ, գարնանային ցրտահարություն, նախատեսված էր ապահովագրել թվով 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող:
2020 թվականի փետրվարի 5-ից ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ընդգրկվել են նաև խնձորը, դեղձը, աշնանացան գարի/ցորենը և գարնանացան գարի/ցորենը:
Կարկուտի և հրդեհի դեպքում ընտրվել է 6 մարզ՝ Կոտայք, Արարատ, Արմավիր, Արագածոտն, Վայոց Ձոր, և Տավուշ, գարնանային ցրտահարության դեպքում՝ 2 մարզ՝ Արարատ, Արմավիր:
Այսպիսով, Կոտայքի մարզում հնարավոր է ապահովագրել ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, աշնանացան գարի/ցորեն և գարնանացան գարի/ցորեն մշակաբույսերը կարկուտ և հրդեհ ռիսկերից:
Մարտի 30-ի դրությամբ մեր մարզի տնտեսվարողները կարկտահարության ռիսկերից արդեն ապահովագրել են կորիզավոր պտուղ (ծիրան՝ 1 հա) և հնդավոր (խնձոր՝ 11 հա):
Ծրագրից օգտվելու համար տնտեսավարողները դիմում են գործակալության անդամ ապահովագրական ընկերություններից որևէ մեկին («Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ - Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ):