Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենի ազատման հիմք են հանդիսացել ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված կոպիտ խախտումները. Կոտայքի մարզպետարան

23.04.2020

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մամուլում վաղ առավոտից լայնորեն շրջանառվում է Կոտայքի մարզի «Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Սվետլանա Հովհաննիսյանի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ աղավաղված տեղեկատվություն, որը թյուրընկալման տեղիք է տվել, և անհարկի շահարկումներից խուսափելու նպատակով՝ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը հարկ է համարում պարզաբանել.

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Առողջապահական և Աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ հանրակրթական դպրոցներում ՀՀ Առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով սահմանված՝ համապատասխան ջերմային ռեժիմը ապահովելու հետ կապված, սակայն տնօրենը, անտեսելով նշված գերատեսչությունների այսչափ կարևոր հանձնարարականները, իր ղեկավարած դպրոցի տարբեր մասերում չի իրականացրել ջերմաչափումներ և անհայտ է, թե ջերմաստիճանի վերաբերյալ ամենօրյա պարբերականությամբ տրամադրվող ի՞նչ տվյալներ են ներկայացվել «ՀՎԿ ԱԿ» ՊՈԱԿ-ի «Կոտայք» մասնաճյուղ:

 Այս առնչությամբ Ս.Հովհաննիսյանին ներկայացված «Նկատողություն» կարգապահական առաջին տույժը գուցե աննշան թվար, եթե հետագայում դպրոցում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ չգային առավել «կոպիտ» խախտումներ, որոնք առանցքային և որոշիչ նշանակություն են ունեցել տնօրենին պաշտոնից ազատելու հարցում, այդ թվում՝

  • 2018թ. օգոստոսի 31-ին դպրոցի տնօրենի հրամանով օպերատորի և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Լ. Մանուկյանի (ով ի դեպ՝ տնօրենի դուստրն է) աշխատանքային պայմանագրերում կատարվել են փոփոխություններ: Լ. Մանուկյանի հետ կնքած պայմանագրում դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի հաստիքը փոխվել է օպերատորի հաստիքով, իսկ դպրոցի օպերատորը նշանակվել է որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՝ առանց համապատասխան որակավորում ունենալու՝ դրանով իսկ խախտելով Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման N 4 հավելվածի 6-րդ գլխի 3-րդ կետի պահանջը
  • Կոտայքի մարզպետարանի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաեւ, որ դպրոցի թվով հինգ ուսուցիչների հետ 2018, 2019 թթ. կնքվել են որոշակի ժամկետով պայմանագրեր՝ նախատեսված անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի փոխարեն, ինչը հակասում է ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի 95-րդ հոդվածի պահանջներին:
    Սրանով խախտվել են տվյալ աշխատողների օրինական իրավունքները, որոնք հստակ ամրագրված են ՀՀ օրենքով:

 Վերոնշյալ կոպիտ խախտումներն էլ հանգեցրել են «Խիստ նկատողություն» կարգապահական երկրորդ տույժի, ինչը անհամատեղելի է տնօրենի պաշտոնում նրա հետագա պաշտոնավարման հետ:

 Եվս մեկ անգամ հարկ ենք համարում հիշեցնել, որ մենք ապրում ենք օրինականության վերականգնման ժամանակներում: Ինչպես միշտ, այս դեպքում ևս, մեր քայլերը բացառապես օրենքի դաշտում են, և մենք առաջնորդվում ենք ՕՐԵՆՔԻ գերակայության և իրավահավասարության պահանջներով. այսուհետ ևս մեր բոլոր քայլերը միտված են լինելու երկրում անօրինականության բացառմանը:

 Ըստ այդմ՝ հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածումից:

 Ուզում ենք առանձնահատուկ ընդգծել, որ դպրոցի նախկին տնօրենի իրավունքն է՝ պաշտոնից ազատման որոշումը վիճարկել օրենքով սահմանված կարգով, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի մեր երկրում, սակայն հորդորում ենք՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և անհարկի գործողություններից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-05 13:59:52