Նորություններ
Լրահոս
Կառավարությունը կսուբսիդավորի գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները
20.04.2020
![](http://kotayk.mtad.am/files/n_pics/24926_s.jpg)
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների» շրջանակներում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերն ուղղված են ՀՀ բոլոր համայնքներում ագրոպարենային ոլորտում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող զարգացման ծրագրերի վարկավորմանը:
Նշենք, որ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը տրամադրվող վարկերը շահառուներին հասանելի կլինեն 0 տոկոս տոկոսադրույքով՝ 3-15 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում, մարման մինչև 5 տարի ժամկետով` ելնելով ներդրումների ուղղվածությունից և մայր գումարի մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետներով։
Գյուղատնտեսական կոոպերատիվների համար պետության կողմից կարող է տրամադրվել նաև 10 տոկոս համաֆինանսավորում։
Ծրագրի շրջանակներում ֆիզիկական անձանց կտրամադրվեն նաև 0 տոկոս տոկոսադրույքով մինչև 1 մլն ՀՀ դրամի չափով, մինչև 2 տարի մարման և մինչև 9 ամիս արտոնյալ ժամկետներով միկրովարկեր։
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը տեղեկացնում է, որ այսօրվա դրությամբ Կոտայքի մարզից շուրջ 654 շահառուներ են դիմել ՀՀ գյուղատնտեսության պետական աջակցության՝ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին և անցել համապատասխան առցանց հավաստագրման փուլը:
Հայտատու շահառուների հիմնական մասը պատրաստվում է միջոցներն ուղղել անասնապահության, մյուսները՝ դաշտավարության, այգեգործության, ջերմատնային տնտեսությունների բնագավառներին:
Հավելենք, որ համապատասխան առցանց հավաստագրման փուլն անցնելուց հետո տնտեսվարողները պետք է դիմեն հետևյալ ֆինանսական կառույցներին՝
• «ԱԳԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
• «Կոնվերս Բանկ» ՓԲԸ
• «ՀԱՅԲԻՍՆԵՍԲԱՆԿ« ՓԲԸ
• «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
• «ԱՆԻՎ» ՈՒՎԿ ՓԲԸ
• «ԱԳՐՈԼԻԶԻՆԳ ԼՎԿ» ՍՊԸ
• «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ
• «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ
• «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ
• «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ:
Նշված բոլոր ֆինանսական կառույցները պատրաստակամ են տրամադրել վարկային միջոցներ, բացառությամբ այն տնտեսվարողների, ովքեր ֆինանսական կառույցի հետ աշխատելիս դրսևորել են անբարեխիղճ վարկային վարքագիծ:
: