Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Սևաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող ջրամբարում ձկների զանգվածային անկման պատճառը թթվածնային քաղցն էր

13.04.2020

  Օրեր առաջ Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող ջրամբարում ձկների զանգվածային անկման հանգամանքները պարզելու և պատճառները հասկանալու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից տեղանքի զննման, ջրի նմուշառման և ըստ այդմ, ԲԸՏՄ Լաբորատոր հետազոտությունների բաժնի կողմից իրականացված անալիտիկ հետազոտությունների արդյունքները փաստել են, որ

• ջրում լուծված թթվածնի քանակությունը չափաքանակից պակաս է եղել, իսկ ամոնիումի, ամոնյակի, նիտրիտ և սուլֆիդ իոնների քանակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի չափաքանակները
• ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված արձանագրության համաձայն՝ լաբորատոր հետազոտությունների ուղարկված անկած ձկների խմբաքանակը եղել է նեխած, ուստի այն ենթակա (պիտանի) չի եղել մանրէաբանական հետազոտության
• ՀՀ ՏԿԵՆ Ջրային Կոմիտեի տվյալներով, ջրամբարի թասը պատված է եղել պոլիէթիլենային թաղանթով, որը շարքից դուրս է եկել և չի ապահովում անհրաժեշտ ջրամեկուսացում:

 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի փոխանցմամբ, ջրամբարում 2019 թվականին ջուր չի կուտակվել, ջրահավաք ավազանի ձնհալքից մուտք գործած ջուրը եղել է աննշան: Ձմեռացման շրջան ջրամբարի թասը մուտք է գործել գրեթե դատարկ վիճակում, թասում ջուր է մնացել ջրթող աշտարակին հարող փոսորակում և դրա հարակից ծանծաղուտներում. հենց այդ հանգամանքն էլ բերել է նրան, որ բարձր տեղադիրքի պայմաններում ձմռանը ջրի մակերեսը սառցապատվել է և թթվածնի պակասի պայմաններում տեղի է ունեցել ձկների անկումը (առաջացել է թթվածնային քաղց):

 Սառցապատ շերտը հալվելուց հետո արդեն իսկ նեխած, անկած ձկները դուրս են եկել ջրի ափամերձ հատված՝ առաջացնելով գարշահոտություն։

 Ինչ վերաբերում է ջրում առկա իոնների սահմանված չափաքանակից բարձր ցուցանիշին, այն կարող էր առաջանալ անկած ձկների նեխման և քայքայման արդյունքում:

 Հավելենք, որ բանակցություններ են ընթանում մասնավոր ներդրողների հետ, որպեսզի Սևաբերդի ջրամբարը վերականգնվի ու վերագործարկվի:
Ջրամբարի պահպանությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54