Նորություններ
Լրահոս
Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակով պայմանավորված՝ համաճարակային իրավիճակի վերաբերյալ կոչով հանդես է եկել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը
03.04.2020
Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ,
Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակով պայմանավորված՝ համաճարակային իրավիճակը գտնվում է ՀՀ Կառավարության և պարետատան հսկողության ներքո:
Ճիշտ է, Կոտայքում ունենք բնակավայրեր, որտեղ կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր (վարակի դեպքերը հիմնականում նույն օջախից են), սակայն հավաստիացնում եմ, որ Կառավարությունը, պարետատունը և մարզպետի ինստիտուտը լիովին տիրապետում են իրավիճակին, և անում ամեն հնարավորը՝ վարակի տարածումը կանխարգելելու և բոլորիս առջև ծառացած ճգնաժամը շուտափույթ հաղթահարելու ուղղությամբ:
Գիտեմ, որ այս իրավիճակում բոլորիս համար է բարդ, բայց պիտի կրկին ու կրկին խնդրեմ և հորդորեմ ձեզ՝ մեր բոլորիս անվտանգությունից ելնելով
• հետևել պարետատան բոլոր ցուցումներին և խստագույնս պահպանել դրանք
• տանից դուրս գալ միմիայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, դուրս գալիս լրացնել հատուկ նմուշի ձևաթուղթը՝ ձեզ հետ ունենալով նաև անձը հաստատող փաստաթուղթ
• դրսևորել անձնական և սոցիալական բարձր պատասխանատվություն:
Հիշեցնում եմ նաև, որ Կոտայքի մարզպետարանում գործում է ԹԵԺ ԳԻԾ, որին կարող եք զանգահարել կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ բոլոր հարցերով:
ԹԵԺ գծի հեռախոսահամարներն են՝
• 0223 2-57-14
• 098-888-283
• 095-443-844։
Եվս մեկ անգամ ուզում եմ հավաստիացնել, որ Կառավարությունը, պարետատունը և մեր աշխատակազմը, մեկտեղելով բոլոր ուժերն ու ռեսուրսները, գործադրում են բոլոր ջանքերը՝ մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը ապահովելու համար: