Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի բնակիչների շրջանում այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան
16.03.2020
Կոտայքի մարզպետարանը ևս այսօրվանից անցել է մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու ռեժիմին:
Խոսքը վերաբերում է հատկապես 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը։
Նշենք նաև, որ մարզպետարանում տեղադրված են ախտահանիչ լուծույթով տարաներ:
Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի բերովի վարակի այսօրվա իրավիճակը գնահատելու նպատակով մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ մարզպետարանում կազմակերպված քննարկման ընթացքում Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը ներկայացրեց պատկերը Կոտայքի մարզում՝ շեշտելով, որ իրավիճակը ամենժամյա ռեժիմով գտնվում է վարչության վերահսկողության ներքո և այս պահի դրությամբ Կոտայքի մարզի բնակիչների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան:
Առնակ Ավետիսյանը բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց
• Ամենօրյա կարգով մշտադիտարկում իրականացնել աշխատակիցների առողջական վիճակի վերաբերյալ և խիստ վերահսկողություն սահմանել
• Մարզի բոլոր բուժկենտրոններում ապահովել աշխատանքի փակ ռեժիմ, սահմանափակել տեսակցությունները և անհարկի այցելությունները
• Չեղարկել աշխատանքային բոլոր հանդիպումները, քննարկումները, գործուղումները
• Ժամանակավորապես չեղարկել նաև մարզային ենթակայության հաստատությունների տնօրենի և/կամ ուսուցչի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթները՝ իրավական կարգավորումների պարագայում
• Համայնքների ղեկավարներին առաջարկել ևս չեղարկելու նախապես հայտարարված մրցույթները:
Քննարկվեցին կազմակերպչական այլ հարցեր ևս: