Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի նիստը

13.03.2020

 Կորոնավիրուսի նոր տեսակի վարակի բերովի դեպքերի հետ կապված՝ չափազանց կարևոր է անձնական պատասխանատվության գիտակցումը:

 Անձնական պատասխանատվության տեսանկյունից ոչ պակաս կարևոր են վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների անցկացումը բոլոր մակարդակներում:

 Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի բերովի դեպքերով պայմանավորված՝ Կոտայքի մարզպետարանում ստեղծվել է աշխատանքային խումբ մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ:

 Աշխատանքային խմբի անդամների մասնակցությամբ քիչ առաջ մարզպետարանում տեղի է ունեցել նիստ:

  Կոտայքի մարզում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին ներկայացրել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Կոտայքի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Անահիտ Աղոյանը և բուժկենտրոնների տնօրենները: Պատասխանատուները նշել են, որ մարզի  քաղաքացիների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան, ավելին, վերջիններիս կողմից առողջությանը վտանգող գանգատներ և դժգոհություններ չեն արձանագրվել:

 ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարար ծառայության բնակչության պաշտպանության բաժնի պետ Կարեն Մաղաքյանն էլ ներկայացրել է մարզի տարածքում իրականացվող բնակչության պաշտպանության միջոցառումները:

 ՀՀ Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ, աշխատանքային խմբի քարտուղար Անի Չիլինգարյանը ներկայացրել է մարզի բուժհաստատություններում առկա իրավիճակը՝ նշելով, որ կատարվել է հատկապես ինֆեկցիոն բաժանմունքի պայմանների, մահճակալային ֆոնդի գույքագրում՝ անհրաժեշտության դեպքում պատրաստվածության բարձր մակարդակ ապահովելու համար:

 Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը հանձնարարել է բոլոր բուժկենտրոնների ղեկավարներին համապատասխան աշխատանքներ իրականացնել՝ կահավորել մեկուսարաններ, պատրաստի վիճակի բերել ինֆեկցիոն բաժանմունքները, ապահովել համապատասխան միջոցների առկայությունը,  ինչպես նաև մշակել այլ բաժանմունքները ինֆեկցիոնի վերափոխման պլան՝ հարկ եղած դեպքում  առաջացած խնդիրներին արագ արձագանքելու նպատակով:

 Առնակ Ավետիսյանը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է

 • Մարզպետարանի աշխատակազմում, մարզային ենթակայության բոլոր հիմնարկներում աշխատակիցների առողջության մշտադիտարկման ռեժիմ և խիստ վերահսկողություն սահմանել՝ առավելագույնս սահմանափակելով աշխատանքային հանդիպումները, քննարկումները, խորհրդակցությունները
• Առաջարկել համայնքների աշխատակազմերում և համայնքային ենթակայության հիմնարկներում ևս սահմանելու աշխատակիցների առողջության մշտադիտարկման ռեժիմ
• Մարզի համայնքների ղեկավարներին առաջարկել չեղարկելու համայնքներում նախատեսված մասսայական միջոցառումները, հանրային քննարկումները, օպերատիվ կապ հաստատել մարզպետարանի հետ համայնքներում արձանագրված դեպքերի և կանխարգելման միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկել համայնքների ղեկավարներին՝ աջակցելու առողջության պահպանման առաջնային օղակների գործունեությանը՝ ֆինանսական, գույքային և ցանկացած այլ հարցով:
• Կրթական հաստատություններում սահմանափակել վարչական անձնակազմի ներկայացվածությունը հաստատություններում, չեղարկել կրթական, մշակութային, սպորտային միջոցառումները:
• Կապ հաստատել մարզի տարածքում գործող հյուրանոցային տնտեսությունների հետ և պայմանավորվածություններ ձեռքբերել՝ հնարավոր կարանտինի նախապատրաստման նպատակով:

 Նիստի ավարտին մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը նշել է, որ խուճապի կարիք չկա, պարզապես պետք է իրականացնել համապատասխան և համակարգված միջոցառումներ հնարավոր զարգացումներին պատրաստ լինելու համար:

 Նա հորդորել է նաև հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին և տուրք չտալ անհարկի խուճապ առաջացնող հրապարակումներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22