Նորություններ
Լրահոս
«Արձագանք» ու «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն
25.02.2020
Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն:
2019-ի մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց քանդակներն արագ ու որակով վերականգնելու մասին, իսկ աշնանը հայտարարվեց վերականգնման նախագծերի մրցույթ:Հաղթող ընկերություններից «Ուրբան Յունիթ»-ի նախագծով վերականգնվելու է «Արձագանք»-ը, «Անվերջության ժապավեն»կամ «Ճանապարհաշինարարներ» քանդակը՝ «Ակկուռատ գրուպ»-ի։
Քանդակագործ Ռաֆայել Մանուկյանն ու ճարտարապետ Արա Ազիզյանը «Ճանապարհաշինարարներ» քանդակը վերականգնելու են «զրոյից»:
Քանդակի մոտավորապես 90 տոկոսը չկա, մնացել է միայն մետաղական կմախքը: Կնոջ ֆիգուրից մոտ 20-25 տոկոս է պահպանվել։
Նախատեսվում է ոչ միայն քանդակի վերականգնում, այլև՝ տարածքի բարեկարգում՝ միջպետական մայրուղու այս հատվածը զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու համար:
Շուտով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարելու է մեկ այլ մրցույթ՝ որոշելու համար, թե որ շինարարական կազմակերպություններն են իրականացնելու աշխատանքները: «Ճանապարհաշինարարներ»-ի վերականգնման համար հատկացվելու է մոտ 178 մլն դրամ, «Արձագանք»-ի համար՝ մոտ 62 մլն 500 հազար: