Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը աշխատանքային հանդիպում է ունեցել մարզում գործող ադամանդագործական ընկերությունների ղեկավարների հետ
19.02.2020
Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզի տնտեսության զարգացման գերակա 4 հիմնական ճյուղերից մեկը ադամանդագործությունն է ու մարզային իշխանությունները անում են հնարավորը՝ ապահովելու ոլորտի բնականոն զարգացումը:
Ոլորտի մարտահրավերներին ծանոթանալու, առկա խնդիրները գույքագրելու ու հնարավոր իրավական և օրենսդրական լուծումները քննարկելու նպատակով Կոտայքի մարզպետն այսօր հանդիպել է մարզում գործող ադամանդագործական ընկերությունների ղեկավարների հետ;
Նշենք, որ ադամանդագործական արտադրանքի կշիռը մարզի մշակող արդյունաբերության 7,5 տոկոսն է կազմում։ Մարզում գործում են 13 ադամանդագործական ընկերություններ:
Մարզի ադամանդագործական ձեռնարկություններում աշխատում են շուրջ 700 քաղաքացիներ։ Ադամանդագործության համար մարզում կան մեծ նախադրյալներ՝ հարուստ փորձ, միջազգային շուկայում մեծ ճանաչում և մասնագետներ:
Ի դեպ, շուտով Աբովյանի Պետական Քոլեջն ու ադամանդագործական ընկերությունները կստորագրեն հուշագիր ՝ քոլեջում համապատասխան ուսումնական դասընթացներ մեկնարկելու կապակցությամբ:
Հիշեցնենք նաև, որ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը համագործակցելով Կոտայքի մարզպետարանի հետ՝ մեկնարկելու է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրեր, որոնցում իր ուրույն տեղն ունի ադամանդագործության 3D մոդելավորումը: