Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ
05.02.2020
Այսօր Հրազդանի Հ. Պարոնյանի անվան N12 հիմնական դպրոցում տեղի է ունեցել մարզային ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցություն, որն անցկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, խորհրդական Արտավազդ Բարսեղյանը, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Գրիգոր Գուլյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Կարեն Հունանյանը, համապատասխան ստորաբաժանումների մասնագետներ:
Ողջունելով ներկաներին՝ մարզպետը նախ շնորհավորել է վերջին շրջանում ընտրված և վերընտրված տնօրեններին, ապա ներկայացնելով խորհրդակցության օրակարգը՝ հանդես եկել 2019 թվականին կրթության ոլորտում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվությամբ, որից հետո զեկույցով հանդես է եկել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Կարեն Հունանյանը:
Նա անդրադարձել է հաստատությունում տիրող աշխատանքային կարգապահությանը և բարոյահոգեբանական մթնոլորտի հաստատման ու պահպանման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ այս կոնտեքստում կարևորելով դպրոցներում տեղի ունեցած միջադեպերի խորքային քննարկումը և դեպքերի բացառումը:
Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն էլ իր զեկույցում դպրոցների տնօրեններին առաջարկել է ներկայացնել զարգացման ծրագրեր, անդրադարձել է նաև դպրոցներում սահմանված ջերմաստիճանի պահպանմանն ու այլ հարակից հարցերի:
Հաջորդիվ զեկույցով հանդես է եկել մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնակատար Գրիգոր Գուլյանը՝ ներկայացնելով նոր ֆինանսական տարում տարիֆիկացիոն ցուցակների և հաստիքացուցակների կազմման կարգը, ուսուցիչների թափուր տեղերի մրցույթների սահմանված կարգով անցկացումը՝ ընդգծելով հատկապես սահմանված ժամկետների պահպանումը:
Խորհրդակցության ավարտին մարզպետը խոսել է դպրոցների տարածքների պահպանման մասին՝ այդ գործընթացում ընդգծելով ապօրինի կառուցապատումների բացառման անհրաժեշտությունը:
Որպես դիտարկում մարզպետն անդրադարձել է նաև սոցիալական ցանցերում դպրոցների ներկայացվածության մասին և առաջարկել այդ հարթակներում հավուր պատշաճի ներկայացնել տեղեկատվություններ դպրոցների, նախատեսվող իրադարձությունների, ծրագրերի և միջոցառումների մասին:
Քննարկվել են այլ հարցեր ևս: