Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Աբովյանի բժշկական կենտրոնում
03.02.2020
Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնում շուտով կմեկնարկեն բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը միտված խորքային փոփոխություններ:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի ղեկավար կազմի հետ:
Նախքան բուն օրակարգին անցնելը մարզպետը ներկաների հետ զրուցել է ԲԿ-ում ստվերային շրջանառության առերևույթ մի քանի դեպքերի, դրանց բացահայտման և իրավական ընթացակարգերով լուծում տալու մասին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ առողջապահության ոլորտում ստվերային շրջանառության դեմ պայքարը շարունակական է լինելու, իսկ բոլոր այն անձինք, ովքեր ինչ-որ կերպ կներքաշվեն ապօրինի դրամաշրջանառության մեջ և ԲԿ այցելող քաղաքացիների նկատմամբ կդրսևորեն անբարեխիղճ վերաբերմունք, կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
Անցնելով բուն օրակարգին՝ հանդիպման երկրորդ հատվածում Ռ.Պետրոսյանը բժշկական կենտրոնի տնօրենին առաջարկել է Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատարի հետ մշակել ու ներկայացնել բժշկական կենտրոնի զարգացման ծրագիր, որը բաղկացած կլինի մի քանի բաղադրիչներից
• Այցելուների հերթերի կառավարում և կարգավորում
• Առանձին կաբինետային ծառայությունների բարելավում
• Նոր մասնագետներ ներգրավելու և վերապատրաստելու մեխանիզմներ
• Նոր ծառայությունների ներդրում, համապատասխան սարքավորումների ձեռք բերում և վերազինում:
Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել նաև ԲԿ դիմելիության աճի բարձրացմանը, որը 2018թ-ի համեմատ 2019-ին աճել է շուրջ 20 %-ով: Սա, ըստ մասնագետների, պայմանավորված է Աբովյանի բժշկական կենտրոնում մատուցվող ծառայությունների ոչ միայն բարձր որակով, այլև՝ կենտրոնում աշխատող բժիշկների հանդեպ մարդկանց ունեցած վստահությամբ:
Կոտայքի մարզպետը նշել է, որ այս արդյունքները պահպանելու և ԲԿ-ի վարկանիշը կրկնապատկելու համար, արդեն այսօր պետք է սկսել գործուն քայլեր ձեռնարկել:
Մեկնարկն արդեն տրված է: