Նորություններ
Լրահոս
Քննարկվել են Աբովյանի Էլար թաղամասի ոռոգման ջրի նոր համակարգի կառուցման և Գառնիի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման ծրագրերը
30.01.2020
ՀՀ Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում Աբովյան համայնքի Էլար թաղամասում ոռոգման ջրի նոր համակարգի կառուցման և Գառնի համայնքի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման ծրագրերի ժամկետների հետ կապված աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Աբովյանի և Գառնիի համայնքապետարանների, շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների, նախագծող և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկումը վարում էր մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ծրագրերի պատվիրատուն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է:
Աբովյան համայնքի Էլար թաղամասում ոռոգման ջրի նոր համակարգի կառուցման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2019 թվականի մայիսի 31-ին և նախատսված էր ավարտին հասցնել մինչև տարեվերջ (պայմանագրի ընդհանուր արժեքը 24.996.000 դրամ), իսկ Գառնիի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա հուլիսին (շուրջ 150 մլն դրամ արժեքով):
Հանդիպման նպատակը աշխատանքների ժամկետների ուշացման հարցը և պատճառները քննարկելն էր:
Մարզպետի տեղակալը լսեց ներկաների կողմից բարձրացված խնդիրները, քննարկվեցին դրանց օպտիմալ լուծման տարբերակները, նախանշվեցին ծրագրերի ավարտը սահմանված լրացուցիչ ժամկետներում:
Դիմելով ներկաներին՝ Առնակ Ավետիսյանը նշեց, որ շինարարական կազմակերպությունների կողմից պետք է արվի առավելագույնը՝ որակյալ աշխատանքներ իրականացնելու և ավարտի համար սահմանված ժամկետները խստիվ պահպանելու համար՝ ընդգծելով նաև մեր քաղաքացիներին ձգձգվող անհարմարություններից զերծ պահելու և նշված տարածքներում երթևեկությունը կանոնակարգելու անհրաժեշտությունը: