Նորություններ
Լրահոս
Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը ամփոփել է 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի արդյունքները
23.01.2020
2020 թվականի Մարզի Խորհրդի առաջին ընդլայնված նիստի ընթացքում մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը ամփոփել է 2019թ․-ի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզում կառավարության և համայնքների համաֆինանսավորմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքները, դրանց ընթացքում ի հայտ եկած խնդիրները, թերությունները, ինչպես նաև անդրադարձել 2020թ․ին նախատեսված ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվելիք քայլերին:
Վերջինս նշել է, որ 2019թ․-ի ընթացքում Կոտայքի մարզի 32 համայնքների կողմից ներկայացվել և միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 54 ծրագրեր: Ծրագերի մեծ մասը ավարտվել են 2019-ի ընթացքում, իսկ 8 ամենածավալուն աշխատանքներ ենթադրող ծրագրերի մասով աշխատանքների ավարտը հետաձգվել է մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը, ինչը ՀՀ մարզերի մեջ լավագույն ցուցանիշներից է: Իրականացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազում էր շուրջ 2 մլրդ դրամ:
«Իրականացված ծրագրերի ծավալը, ոլորտային բաշխվածությունը և ընդգրկումը բացառիկ է նախորդ տարիների հետ համեմատության մեջ: 2019թ-ի ընթացքում միայն սուբվենցիոն ծրագրերով իրականացվել են 18 ճանապարհաշինական ծրագրեր, մանկապարտեզների, մշակույթի և արվեստի տների կառուցման և հիմնանորոգման 16 ծրագրեր, որոնց մեջ հատուկ ուշադրության են արժանի 3 նոր մանկապարտեզների կառուցման ծրագրերը մարզի Գեղաշեն, Արամուս և Վերին Պտղնի համայնքներում, ևս 15 ծրագիր նպատակաուղղված էր ջրագծերի, կոյուղագծերի, գազատարների և արտաքին լուսավորության համակարգերի կառուցմանն ու հիմնանորոգմանը»,-իր խոսքում նշել է Առնակ Ավետիսյանը:
Ամփոփելով 2019թ․-ի ընթացքում իրականացված ծրագրերը՝ Ավետիսյանը փաստել է, որ սուբվենցիոն ծրագրերը կայացել են որպես մարզի և համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման կարևորագույն գործիք, ինչի շնորհիվ լուծում են գտնում համայնքներում տասնամյակներով կուտակված բազմաթիվ խնդիրներ՝ միաժամանակ նպաստելով համայնքների կարողությունների մեծացմանն ու սեփական եկամուտների արդյունավետ և նպատակային կառավարմանը՝ դրանք ուղղելով կապիտալ աշխատանքների իրականացմանը:
Մարզպետի տեղակալն անդրադարձել է նաև 2020թ․-ի սուբվենցիոն հայտերի ներկայացման գործընթացին՝ ընդգծելով գործընթացի պատշաճ կազմակերպման և նախորդ տարի ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների բացառման անհրաժեշտությունը:
Այս նպատակով արդեն իսկ հանդիպումներ են եղել բոլոր համայնքների ղեկավարների հետ և նախանշել իրականացվող ծրագրերի շրջանակը՝ հաշվի առնելով թե՛ մարզի և թե՛ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական ուղղությունները: Քննարկումների արդյունքում այս պահին նախատեսված են շուրջ 100 ծրագրեր՝ համաձայնեցված մարզի 38 համայնքների հետ՝ շուրջ 6 մլրդ դրամ նախնական բյուջեով: Անցած տարվա համեմատությամբ նախատեսվում է եռապատկել իրականացվող աշխատանքների ծավալները:
Առնակ Ավետիսյանը խոսել է նաև սուբվենցիաների տրամադրման կարգով նախատեսված ժամկետների խստիվ պահպանման, կարգում փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ կառավարության որոշման, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և բուն շինարարական աշխատանքների ճիշտ կազմակերպման, նախագծող և կապալառու կազմակերպությունների նկատմամբ պատշաճ վերահսկողության սահմանման մասին՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ ինչպես 2019թ.-ին, այնպես էլ 2020-ին անորակ և թերություններով իրականացված շինարարական աշխատանքների դիմաց պետական բյուջեից վճարումներ չեն իրականացվելու, իսկ անպատասխանատու կապալառուները զրկվելու են գնումների գործընթացներին հետագա մասնակցության իրավունքից:
Ամբողջ պրոցեսի ընթացքում մարզպետարանի կողմից համայնքներին կտրամադրվի անհրաժեշտ մասնագիտական և խորհրդատվական աջակցություն, ինչպես նաև կապահովվի համայնքների և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև սերտ համագործակցություն: