Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետի ողջույնի խոսքը մարզի խորհրդի՝ 2020 թվականի անդրանիկ նիստին

23.01.2020

 ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի հարգելի՛ անդամներ՝ համայնքների ու բնակավայրերի վարչական ղեկավարներ, պարոնայք սպաներ, հարգելի՛ գործընկերներ և հրավիրյալներ, ողջունում եմ ձեզ Կոտայքի մարզի խորհրդի 2020 թվականի անդրանիկ նիստին:

 2019 թվականը Կոտայքի մարզում դարձավ, հիրավի, բեկումնային տարի՝ լի տարաբնույթ մասշտաբային ծրագրերի մեկնարկով ու իրագործումով, որոնք գլոբալ առումով՝ նախևառաջ միտված են մեր բնակչի կյանքի որակի բարձրացմանն ու նույն այդ բնակչի՝ վերափոխմանը ՀՀ իրավատեր ու իրավագիտակից քաղաքացու։

 2019 թվականի ընթացքում մեր մարզում Կառավարության սուբվենցիոն ծրագրերով մենք մեկնարկեցինք միանգամից 10 մանկապարտեզների կառուցում և հիմնակառուցում, որից միայն երեքը կառուցում ենք հիմքից, ինչպես նաև հինգ մշակույթի տների ու արվեստի դպրոցների վերակառուցում ու հիմնանորոգում: Առանձին ծրագրերով չորս տարբեր համայնքներում հիմնվեցին երկու մոբիլ մանկապարտեզներ և ևս երկու նախակրթարաններ: Սակայն, առանձնահատուկ կերպով ուզում եմ շեշտել տարածքային զարգացման կոնտեքստում, մեր համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված մեր ջանքը, ինչը բխում է նաև ՀՀ վարչապետի և մեր կառավարության կողմից իրականացվող տարածքային կառավարման քաղաքականությունից:

 Հարկ եմ համարում նշելու, որ մենք խթանում ենք նաև պետական կառավարում, տեղական ինքնակառավարում և մասնավոր նախաձեռնություններ, հիմնադրամներ և մեկենասներ եռակողմ համագործակցության ձևաչափի կիրառումը մեր մարզում։

 Եվ այսպես, Սմարթ հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում այս պահին Աբովյան քաղաքում կառուցվում է մարզում նմանը չունեցող Լոֆթ ոճի հանրային գրադարան՝ որպես սոցիալական ու կրթական ծրագրերի իրականացման հանրային հարթակ:
Ինչպես նաև բարձրլեռնային Զովաշեն համայնքում արդեն շահագործման ենք հանձնել նմանը չունեցող համայնքային կենտրոնը, որը լավագույն օրինակն է տարածքային կառավարում, տեղեկան ինքնակառավարում և մեկենասներ եռակողմ համագործակցության, որի արդյունքում, դպրոց չունեցող մեր միակ համայնքում այս պահին գործում է լիովին վերակառուցված ու ջեռուցվող մի կենտրոն, որտեղ համայնքի բացառապես բոլոր տարիքային խմբերի համար գործում են սոցիալականացման և կրթական ծառայություններ՝ բացառապես անվճար հիմունքներով՝ ՏԻՄ միջոցների հաշվին:

 Սա է մեր նախանշած ուղին՝ ռազմավարական պլանավորման առումով․ մենք խնդիր ենք դրել մեր առջև ամենակարճ ժամկետներում մեր մարզի բացառապես բոլոր համայնքներում ունենալու բարեկարգ ու գունավոր մանկապարտեզներ՝ որպես նախադպրոցական կրթության հաստատություններ, արվեստի դպրոցներ, գրադարաններ ու մշակույթի տներ՝ որպես արտադրպոցական դաստիարակության հաստատություններ, և վերջապես՝ բարեկարգ, լիարժեք կահավորված և ջեռուցվող հանրակրթական դպրոցներ՝ որպես մրցունակ հասարակություն ունենալու թիվ մեկ նախադրյալ։
Ի դեպ, գրադարանների մասին. եթե 2019-ը Կոտայքի մարզում մեզ համար որպես առաջնահերթություն նախանշել էինք համայնքներն առավելագույնս ապահովել նախադպրոցական կրթական հաստատություններով, ապա 2020-ը հայտարարել ենք Կոտայքի համայնքներում գրադարանների, արվեստի ու մշակույթի տների ստեղծման տարի։

 Բնակչին ՀՀ քաղաքացու վերափոխելու դժվարին, բայց շնորհակալ ճանապարհը անցնում է հենց այս մանկապարտեզներով, գրադարաններով, մշակույթի ու արվեստի տներով։
Էտալոնային Կոտայք կերտելու համար մենք 7/24 ռեժիմով՝ օրենքով մեզ վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում ենք հանրակրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտների կառավարումն ու զարգացումը, ինչպես նաև՝ վարչական վերահսկողություն ենք իրականացնում ՏԻՄ-երի՝ սեփական և պատվիրակված լիազորությունների նկատմամբ:

 Հարգելի՛ գործընկերներ, բնականաբար, մենք չենք աղաղակում, որ մեզ հաջողվել է 100 տոկոսով հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները, մենք պարզապես լուռ մեր գործն ենք անում, գործ, որը ունի միմիայն մեկ միասնական հավատամք՝ այն է կայացած պետական ինստիտուտներ և իրավագիտակից Քաղաքացիական հասարակություն: Եվ հենց պետականության ամրացմանն ու քաղաքացիակենտրոն կառավարմանն են հետայսու ևս միտված լինելու մեր բոլոր ջանքերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36