Նորություններ
Լրահոս
Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում բազմաբնակարան շենքերի էներգախնայողության բարձրացման վերաբերյալ
23.01.2020
Հունվարի 22-ին Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Կոտայքի մարզի համայնքներում շենքերի էներգախնայողության և ջերմաարդյունավետության բարձրացման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և մարզի համայնքների ղեկավարներ: Հանդիպումը վարել է Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:
ՄԱԶԾ առաջարկությամբ քննարկման դրված ծրագիրը նախատեսում է շենքերի վերանորոգման աշխատանքներ, որոնք ենթադրում են շենքերի արտաքին պատերի ամբողջական ջերմամեկուսացում, Էներգաարդյունավետ լուսավորության համակարգի ներդրում, արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում:
Համալիր միջոցառումների իրականացման արդյունքում բնակիչները կկարողանան 50-60%-ով կրճատել գազի և էլեկտրականության համար նախատեսված կոմունալ ծախսերը:
Ըստ ՄԱԶԾ ներկայացուցիչների, փորձը ցույց է տվել, որ ծրագրի բարեհաջող իրականացումից հետո նկատվում է բնակարանների շուկայական գների բաձրացում, զբոսաշրջության գրավչության աճ:
Հարկ է նշել, որ էներգիայի խնայողության դեպքում նվազում է նաև ջերմոցային գազերի արտանետումը և շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը:
Ծրագրի ֆինանսավորման 25%-ը նախատեսվում է տրամադրել դրամաշնորհային տարբերակով, մնացած 75%-ը փոխանցվելու է կառավարության, համայնքի, համատիրության բյուջեից և բնակիչների ներդրումներից:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ներկայացնել առաջարկներ և դրանք արդեն քննարկել առանձին համայնքների հետ, ինչն էլ կնպաստի մարզում ծրագրի բարեհաջող մեկնարկին: