Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը հանդիպել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժ.անձնակազմի և քաղաքացիների հետ
14.01.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցելել է Եղվարդ՝ հանդիպելու Նաիրի բժշկական կենտրոնի բուժ.անձնակազմի և քաղաքացիների հետ:
Լրագրողների հետ զրույցում մարզպետը կարծիք է հայտնել, որ ծննդօգնության բաժանմունքը չպետք է փակվի, այլ պետք է վերազինվի և գործի:
«Այսօր հանդիպում եմ ունեցել ՀՀ Առողջապահության նախարարի հետ: Բավականին արդյունավետ զրույց ենք ունեցել:
Մանրամասն քննարկել ենք բոլոր փաստերը: Առաջ եմ բերել փաստարկումներ, որոնք որպես մարզում տարածքային կառավարում իրականացնող մարմնի ներկայացուցիչ և նաև որպես մարզի բնակիչ, ավելի խորությամբ եմ պատկերացնում, օրինակ որոշ գյուղերի հեռավորությունը և այլն:
Պետք է արձանագրենք, որ մենք քաղաքացիակենտրոն քաղաքականություն ենք վարում, մեր քաղաքացու շահը դոմինանտ է, որը, բնականաբար, պետք է ճիշտ համադրել պետական շահի հետ:
Ծնելիության աճը, մեր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը մեր որդեգրած քաղաքականության առաջնահերթություններից է», -քաղաքացիների և լրագրողների հետ զրույցում նշել է մարզպետը:
Նա հայտնել է նաև, որ այս պահին Եղվարդ քաղաքն ունի ծննդատուն, որն աշխատում է ամբողջ հզորությամբ; Ավելին, 2019 թվականին ծնունդների թվաքանակի առումով բաժանմունքը դրական դինամիկա է արձանագրել 2018 թվականի համեմատությամբ, սակայն, ինչ խոսք, գլոբալ առումով ապահով, պատշաճ բուժ.սպասարկում իրականացնելու խնդիր կա, որը պետք է լուծել:
Մարզպետը ավելացրել է նաև, որ 2-3 օրվա ընթացքում նախարարը կառավարությունում կներկայացնի բոլոր այն փաստարկները, որոնք այսօր հնչել են իր եւ մյուս մարզպետների կողմից և հույս հայտնել, որ Եղվարդի ծննդօգնության բաժանմունքի հարցով կլինի դրական լուծում։