Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ընդունել է բարձրլեռնային Սևաբերդ, Հատիս, Արտավազ, Փյունիկ, Զովաշեն և Հանքավան բնակավայրերի առաջինից չորրորդ դասարանների շուրջ 60 աշակերտների
27.12.2019
Այսօր մարզպետարանի խորհրդակցությունների դահլիճում ուրախ իրարանցում էր:
Ամանորին ընդառաջ Կոտայքի մարզպետն ընդունել է բարձրլեռնային Սևաբերդ, Հատիս, Արտավազ, Փյունիկ, Զովաշեն և Հանքավան բնակավայրերի առաջինից չորրորդ դասարանների շուրջ 60 աշակերտների:
Հանդիպման նպատակն էր շփվել փոքրիկների հետ, որոնք իրենց բնակության աշխարհագրական դիրքի դժվարամատչելիության պատճառով հաճախ չեն լինում մարզկենտրոնում, լսել նրանց ամանորյա երազանքներն ու ցանկությունները:
«Չնայած այս փոքրիկները շատ հեռու ու ցուրտ գյուղերում են ապրում, այնուհանդերձ մենք շատ ենք կարևորում նրանց կրթության որակն ու արժևորում նրանց ընտանիքների՝ այս գյուղերում ապրելն ու արարելը:
Հեռավոր գյուղերում ապրելն իսկապես դժվար է, բայց կան նաև առավելություններ, օրինակ մաքուր օդն ու գեղեցիկ բնությունը, որը միանգամից կարոտում ես, երբ հեռանում ես»,- երեխաների հետ զրույցում նշել է մարզպետը:
Երեխաները կիսեցին մարզպետի կարծիքը. նրանցից ոչ մեկ ցանկություն չհայտնեց լքելու հարազատ գյուղը: Փոքրիկների հետ համաձայնություն ձեռք բերվեց արդեն հաջորդ անգամ հանդիպել իրենց գյուղերում ու նորից զրուցել:
Հանդիպման մասնակիցները խոսեցին նաև գրքի ու գիտելիքի կարևորության մասին:
Հանդիպման երկրորդ հատվածում երեխաների կողմից բարձրաձայնված խնդիրների գույքագրում կատարվեց՝ Զովաշենում դպրոց կառուցելուց մինչև մարզադահլիճների, սանհանգույցների վերանորոգում, դասասենյակների պատերի գունավորում:
Մարզպետը խոստացավ, որ ամենակարճ ժամկետներում կլուծվեն այդ խնդիրները, քանի որ երեխաները դպրոց գնալիս պետք է մտածեն միմիայն սովորելու, ոչ թե կոտրված հատակի կամ անգույն պատերի մասին:
Հանդիպման ավարտին մարզպետը երեխաներին հանձնեց ամանորյա նվերներ՝ մաղթելով վառ տպավորություններով խաղաղ ու անհոգ տարի: