Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզին հատկացվել է 3 հակակարկտային կայան
24.12.2019

Կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1135-Ն որոշմամբ, ՏԿԵՆ Տարածքային Զարգացման Հիմնադրամի միջոցներով Կոտայքի մարզին հատկացվել է 3 հակակարկտային կայան, որոնք ըստ նպատակահարմարության և նախնական պայմանավորվածության, կտեղադրվեն Մեղրաձոր և Չարենցավան համայնքների վարչական տարածքներում ( 2-ը Մեղրաձորի վարչական տարածքում՝ Աղավնաձոր, Մեղրաձոր գյուղերում, 1-ը՝ Չարենցավանի վարչական տարածքում՝ Արզական բնակավայրում):
Նախապատվությունը տրվել է այն համայնքներին, որոնք ամենաշատն են տուժել նախորդ տարվա գարնանը գրանցված կարկտահարությունից;
Հակակարկտային կայանների քանակի ավելացումը մեծապես կնպաստի նշված համայնքներում վաղ գարնան կարկտահարության դեմ պայքարին:
Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացրեցին, որ հիմնականում Զենիթ տիպի կայաններ են՝ 80-100 հա ընդգրկման տարածքով:
Հակակարկտային կայանների տեղադրմամբ հատկապես Մեղրաձորի հատվածի վարելահողերի պաշտպանության հարցը հիմնականում լուծվելու է:
Նշենք, որ այս պահին մարզի տարածքում հակակարկտային կայանների քանակը 24-ն է, որից 12-ը՝ համայնքային սեփականության են, 12-ը՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված:
Հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքները մշտապես գտնվում են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման հսկողության ներքո: