Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Դպրոցականների սպարտակիադայի հրաձգության մրցումների արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Կոտայքի մարզի հավաքականը պարգևատրվել է մարզպետի կողմից

27.11.2019

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր մարզպետարանում ընդունել է Պռոշյան համայնքի Պետրոս Ղևոնդյանի և Քասախ համայնքի N1 միջնակարգ դպրոցների 10-ը աշակերտների, ովքեր նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի հրաձգարանում անցկացված Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադա մարզական միջոցառման ծրագրով անցկացվող հրաձգության մրցումներին զբաղեցրել են երկրորդ տեղը:

 Նշենք, որ մեր մարզի հավաքական թիմն իր արդյունքով զիջել է միայն Արցախի հավաքականին:

 Թիմը կազմված էր 10-ը մարզիկներից ( 5 տղա, 5 աղջիկ): Առանձին տղաների հաշվարկով մարզը գրավել է առաջին տեղը, աղջիկների հաշվարկով ՝ 2-րդ: Աղջիկների պայքարում երկրորդ մրցանակակիրը Անահիտ Ղրմաջյանն է (Կոտայք):

 Ողջունելով աշակերտներին, նրանց տնօրեններին ու զինղեկներին՝ մարզպետը բարձր է գնահատել աշակերտների գրանցած ցուցանիշը՝ ընդգծելով հատկապես միայն Արցախին զիջելու փաստը որպես մեծ առավելություն և պատիվ.

 «Ինձ համար զինվորական ծառայությունն ամենապատվաբերն է մեր երկրում: Իմացեք, որ ուժեղ բանակի կայացման գործում շատ մեծ է նաև ձեր դերը, և ես հպարտ եմ, որ դուք գրանցել եք այսպիսի ցուցանիշ: Այս մրցմանը զիջել միայն Արցախին, դա մեզ համար մեծ պատիվ է: Եվ կրկնակի հպարտ եմ, որ այս արդյունքն արձանագրել եք՝ գրեթե չունենալով պարապմունքների անցկացման համար հարմարավետ և անհրաժեշտ պայմաններ»,- իր խոսքում նշել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

 Մարզպետը հետաքրքրվել է նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման հարցերով, որից հետո վերջիններիս և երկու դպրոցներին հանձնել ԿԳՄՍ նախարարության և Կոտայքի մարզպետի կողմից պատրաստված գավաթներ, մեդալներ ու հավաստագրեր, ինչպես նաև աշակերտներին նվիրել Մ. Խորենացու «Հայոց պատմության»  նոր հրատարակված գրքեր:

 Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության անցկացրած սպարտակիադա մարզական միջոցառման նպատակներն են հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանցիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումը, ֆիզիկական պատրաստվածության բարելավումը, մարզական-մասսայական միջոցառումներին բարձր դասարանների աշակերտների ներգրավումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:16:54