Նորություններ
Լրահոս
Այսօր պաշտոնապես բացվել է Չարենցավանի քաղաքային պոլիկլինիկայի նոր մասնաշենքը
22.11.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Չարենցավան համայնքում ներկա է գտնվել քաղաքային պոլիկլինիկայի նոր մասնաշենքի պաշտոնական բացման արարողությանը:
Չարենցավանում էին նաև ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, նախարարության ներկայացուցիչներ, Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը, մարզի բուժ.կենտրոնների ղեկավարներ, Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը, վարչական ղեկավարներ, հյուրեր:
Ընդգծելով մարզային ենթակայության այս բուժ.կենտրոնի մասնաշենքի հիմնանորոգման անհրաժեշտությունը՝ որպես կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող գործոն, մարզպետը ևս մեկ անգամ հարկ է համարել նշել, որ աշխատանքային պայմանների բարելավմամբ աշխատանքի որակի, արդյունավետության նոր նշաձող է սահմանվելու.
«1.5 տարի առաջ նախարարի հետ մեր շրջայցի ընթացքում այստեղ ականատես եղանք մի վիճակի, որն ուղղակի անթույլատրելի էր:
Ոչ միայն քաղաքացիներին, ազգաբնակչությանը սպասարկելու տեսանկյունից էր անընդունելի այդ վիճակը, այլ նաև հենց մարզային ենթակայության այս ոլորտի պատասխանատուների և աշխատակիցների համար:
Պետական հաստատություններ մուտք գործելիս քաղաքացին նախ և առաջ պատկերացում է կազմում պետության, պետական կառավարման մասին հենց այդ հաստատության վիճակից»,- ասել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը շրջել են բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել, կատարված աշխատանքների ծավալներին, բժշկական կենտրոնի հնարավորություններին, ինչպես նաև զրուցել կենտրոնի աշխատակիցների հետ, քննարկել առկա խնդիրները:
Հիշեցնենք, որ Չարենցավանի բժշկական կենտրոնի՝ երկար տարիներ լքված մասնաշենքը կապիտալ հիմնանորոգվել է (հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին տարեսկզբին)։
Եռահարկ մասնաշենքի հիմնանորոգումը, ամբողջական կահավորումը, ջեռուցումը, ներքին հարդարման աշխատանքները՝ շերտավարագույրներից մինչև սանհանգույցներ, իրականացվել են բացառապես մարզային ենթակայության այս բուժ.կենտրոնի 2018-2019 թթ․ բյուջեի խնայողությունների հաշվին:
Մասնաշենքի հիմնանորոգված հարկաբաժնի առանձին հատվածում տեղակայված է լինելու մանկական պոլիկլինիկ բաժանմունքը, ընտանեկան բժիշկները, որոնց թվում թերապևտներ և ամբուլատոր հատվածի նեղ մասնագիտական կաբինետները։
Պոլիկլինիկայի բացումով Չարենցավանի ԲԿ-ն արդեն մեկ կենտրոնացված վայրում ավելի արդյունավետ կիրականացնի քաղաքացիների ընդունելությունն ու բուժսպասարկումը: