Նորություններ
Լրահոս
Գեղաշենում 140 փոքրիկների համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները մեկնարկեցին
08.11.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Գեղաշեն նախալեռնային համայնքում մասնակցել է մանկապարտեզի շենքի հիմնարկեքի և օծման արարողությանը:
Մանկապարտեզի կառուցումը հնարավոր է դարձել տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում- մասնավոր հատված եռակողմ համագործակցության արդյունքում:
Ծրագրի արժեքը 125.400 000 դրամ է, որից 62. 700.000 դրամը (50%) կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 62. 700.000 դրամը (50%) համայնք-մասնավոր հատված ներդրման չափը:
Նշենք, որ շուտով շուրջ 4350 բնակիչ ունեցող այս`արագ տեմպերով զարգացող համայնքը կունենա հրաշալի մանկապարտեզ՝ նախատեսված շուրջ 140 երեխայի համար:
«Չկա ավելի ուրախալի ու միմյանց շնորհավորելու լավ առիթ, ինչպիսին համայնքում մանկապարտեզի կառուցումն է, որովհետև մանկապարտեզը համայնքի բարեկեցության կարևորագույն չափանիշներից է»,-դիմելով ներկաներին` ասել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Մանկապարտեզի շենքի հիմնարկեքի, օծման արարողության և տոնական միջոցառումից հետո մարզպետն այցելել է նաև համայնքի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց:
Դպրոցն իր միջոցներով կառուցել է հրաշալի խաղահրապարակ, իսկ առաջիկայում ետնաբակում նախատեսված է կառուցել նաև ընդարձակ մարզահրապարակ՝ վոլեյբոլի առանձնացված խաղահրապարակով:
Մարզպետը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախաձեռնությանը` օր առաջ աշխատանքները մեկնարկելու համար:
Նա շրջել է նաև դպրոցի ճաշարանով, որտեղ գործում է ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային ծրագրի շրջանակում իրականացվող «Դպրոցական տաք սնունդ» ծրագիրը, ծանոթացել ճաշարանի պայմաններին, որոնք բարելավվելու կարիք ունեն: Մարզպետն ընդգծել է, որ սա նույնպես կներառվի մարզային կրթական հաստատությունների զարգացման առաջիկա գործողությունների պլանում:
Հիշեցնենք, որ Գեղաշենում սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակում կառուցվել է նաև խմելու ջրի 2 ջրագիծ` 3.890.000 և 12.499.980 դրամ արժողությամբ: