Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետը ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Մարիաննա Շահինյանին
07.11.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր մարզպետարանում ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Մարիաննա Շահինյանին ու վերջինիս տեղակալ Վահե Բատոյանին:
Աշխատանքային հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:
Կոտայքի մարզպետը նախ շնորհավորել է Մարիաննա Շահինյանին ստանձնած նոր և պատասխանատու պաշտոնի կապակցությամբ, այնուհետև կողմերն անցել են օրակարգի հիմնական թեմաներին:
Ռոմանոս Պետրոսյանը ընկերության ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է մարզի ջրամատակարարման համակարգում առկա խնդիրները` անդրադառնալով հատկապես առավել խնդրահարույց համայնքներին ու կոնկրետ դեպքերի:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրենը մանրամասնել է ընկերության` պայմանագրով սահմանված գործառույթները՝ տեղեկացնելով նաև, որ արդեն հաջորդ տարի Կոտայքի մարզի միանգամից մի քանի համայնքներում նախատեսում են նոր ջրագծերի անցկացում` այս հարցում ակնկալելով նաև մարզպետի ու մարզպետարանի աջակցությունը:
Իր հերթին Ռոմանոս Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել փոխգործակցելու ընկերության ցանկացած նախաձեռնության, որը կնպաստի մարզի ջրամատակարարման համակարգի արդիականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ապօրինի ջրօգտագործման դեմ պայքարի մեխանիզմներ մշակելու ուղիներն ու բնակիչների շրջանում ջուրը խնայողաբար օգտագործելու մշակույթի ներմուծումը:
Հանդիպման ավարտին կողմերը համաձայնության են եկել ավելի սերտորեն համագործակցել ոլորտին առնչվող խնդիրներն օր առաջ լուծելու համար: