Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին
06.11.2019
Այսօր մարզպետարանում տեղի է ունեցել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային հանդիպումը:
Հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը նշել է, որ այցելել է «ՍՕՍ մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի Կոտայքի մասնաճյուղ, ծանոթացել կատարված աշխատանքների տպավորիչ ծավալներին, ապա այցելել է նաև Հրազդանի «Երեխաների աջակցության հիմնադրամ»:
Աշխատանքային հանդիպման ընթացքում Ռոմանոս Պետրոսյանն ու Զարեհ Սինանյանը նախ անդրադարձել են վերոնշյալ երկու վայրերի կարիքներին ու քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները, ապա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հետաքրքրվել է Կոտայքի մարզի տնտեսական ներուժով, որը կարող է լուրջ խթան հանդիսանալ նոր ներդրումներ գրավելու համար:
Ռոմանոս Պետրոսյանը մանրակրկիտ ներկայացրել է մարզի զարգացման հիմնական չորս ուղղությունները ու նշել, որ իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է աջակցել օտարերկրյա մեր սփյուռքահայ ներդրողներին, որոնց գործունեությունը միտված կլինի նաև մեր մարզի զարգացմանը:
Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել նաև բիզնես համաժողովների արդյունավետության ու ներկայացված ծրագրերի վերաբերյալ:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քայլեր ձեռնարկել առկա համագործակցությունը Հայաստան-Սփյուռք-Համայնք ձևաչափով առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: