Նորություններ
Լրահոս
Վերակառուցվում է Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի մանկապարտեզի շենքը
05.11.2019
Մարզի բոլոր համայնքներն ու բնակավայրերը նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովելը մարզային խնդիրների լուծման տեսանկյունից համարվում է առաջնահերթություն:
Համայնքներ կատարած աշխատանքային այցերի ընթացքում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բազմիցս կարևորել է նախադպրոցական կրթության անհրաժեշտությունը՝ որպես իրավագիտակից քաղաքացի դաստիարակելուն ուղղված կարևորագույն օղակ:
Եվ ահա, ուրախությամբ ենք արձանագրում, որ պետական բյուջեի աջակցությամբ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների փոխգործակցության արդյունքում Կոտայքի մարզի բոլոր համայնքներում քայլ առ քայլ լուծվում են համայնքային մանկապարտեզներ, նախադպրոցական այլ հաստատություններ ունենալու երկարամյա խնդիրները:
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում որոշ համայնքներում դրանք կառուցվում են զրոյից, որոշ համայնքներում՝ վերակառուցվում, վերանորոգվում կամ բարեկարգվում են արդեն գոյություն ունեցող շենքերը:
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով վերակառուցվում է Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի մանկապարտեզի շենքը:
Այս պահին շենքի ջրագծերի և կոյուղագծերի ներքին ցանցն է փոխվել, և աշխատանքներն այստեղ արագ տեմպերով ընթանում են:
Ծրագրի ընդհանուր արժեքը 19.290.000 դրամ է, որից 9.645.000 դրամը (50%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, նույնքան էլ հատկացվելու է համայնքի բյուջեից: