Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Մեղրաձոր համայնքում էր
01.11.2019
Շարունակվում են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ:
Մարզպետը կարևորում է անմիջական շփումները համայնքների, մարզային ենթակայության և համայնքային սեփականության հաստատությունների ղեկավարների, ինչպես նաև բնակիչների հետ՝ համայնքներում առկա խնդիրները տեղում տեսնելու, հասկանալու և լուծումներ գտնելու նպատակով:
Հերթական այցով Ռոմանոս Պետրոսյանը Մեղրաձոր խոշորացված համայնքում էր:
Մարզպետը նախ այցելել է Փյունիկի միջնակարգ դպրոց: Այստեղ աշակերտների հետ միասին ազդարարվել է դպրոցի հարակից տարածքում մարզասարքերով հագեցած նոր մարզահրապարակի բացումը:
Հիշեցնենք, որ Փյունիկի միջնակարգ դպրոցը փակման եզրին էր: Մարզպետի և մարզպետարանի գործուն քայլերով ՀՀ Կառավարության կողմից հրատապ կարգով չեղարկվել է դեռեւս նախկին իշխանությունների կողմից 2017թ. ընդունված որոշումը՝ Փյունիկի միջնակարգ դպրոցը փակելու մասին, և ֆինանսական վերաբաշխումների միջոցով հրատապ ֆինանսական միջոցներ է հատկացվել դպրոցին՝ 2018-2019թթ. ձմեռվա վառելափայտի ձեռքբերման ու աշխատավարձերի ապահովման համար (քանի որ պետ.բյուջեով դա այլևս նախատեսված չէր):
Հատկացված ֆինանսական միջոցներով մասնակի վերանորոգվել ու թիթեղապատվել է դպրոցի տանիքը (200քմ), վերանորոգվել է 4 սանհանգույց, ինչպես նաեւ դպրոցի հարակից տարածքում կառուցվել է համայնքային մարզահրապարակ, որն արդեն իսկ բնակիչների կողմից ակտիվորեն շահագործվում է:
Նշենք, որ դպրոցում ներկայում սովորում է 40 աշակերտ, որոնց թիվը յուրաքանչյուր տարի ավելանում է:
Հաջորդիվ մարզպետն այցելել է Արտավազի մանկապարտեզ, ծանոթացել պայմաններին ու շփվել երեխաների հետ: Ներկայում մանկապարտեզ են հաճախում 30 փոքրիկներ:
Հիշեցնենք, որ նորակառույց մանկապարտեզն իր դռներն է բացել այս տարվա մայիսի 1-ին և մեր մարզում միակն է, որի ողջ ֆինանսական հարցերը լուծվում են բացառապես համայնքապետարանի միջոցներով և ծնողներից որևէ վարձավճար չի գանձվում։
Աշխատանքային այցի վերջին կանգառը Հանքավանում էր, որտեղ արտասահմանցի ներդրողները շուրջ 8000 քմ տարածքում կառուցում են վերջին սերնդի տեխնոլոգիաներով հագեցած հանքային ջրերի հսկայական գործարան:
Մարզպետը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Ներդրողը նշել է, որ հաջորդ տարվա մարտ ամսին գործարանը պատրաստ կլինի շահագործման, իսկ մինչ այդ ընթանում են գործարանի կահավորման, հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքներ, ներկրվում են համապատասխան սարքավորումներ:
Ներդրողը նախատեսում է իր աշխատակազմը համալրել միմիայն տեղացի մասնագետներով ու աշխատողներով, ինչն էլ մարզպետը ողջունել է ու պատրաստակամություն հայտնել աջակցել համայնքի զարգացմանն ուղղված տարբեր գործընթացներում: