Նորություններ
Լրահոս
Եվրոպական միությունը ֆինանսավորում է տեղական զբոսաշրջային նախաձեռնությունները Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում
11.10.2019
ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ ծրագրի շրջանակներում ընդհանուր 60․000 եվրոյի չափով ԵՄ ֆինանսական աջակցություն կստանան մարզային 8 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, որպեսզի ուսումնասիրեն իրենց տարածաշրջանի բնական, մշակութային և պատմական ռեսուրսները և մշակեն նոր զբոսաշրջային երթուղիներ, հավաքագրեն պատմություններ և ավանդազրույցներ, վերապատրաստման դասընթացներ կազմակերպեն սպասարկման ոլորտի աշխատակիցների համար, մշակեն զբոսաշրջության առաջխաղացման ռազմավարություններ, իրագործեն բնապահպանական իրազեկման միջոցառումներ և այլն։
Հոկտեմբերի 10-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել ենթադրամաշնորհային պայմանագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը, որով մեկնարկ է տրվել 8 նախագծերի իրականացման աշխատանքներին ՀՀ Կոտայքի (4 նախագիծ), Գեղարքունիքի (3 նախագիծ) և Շիրակի (1 նախագիծ) մարզերում։ Ենթադրամաշնորհ ստացած ութ ՔՀԿ ներկայացուցիչներ պայմանագիր կնքեցին Ծրագրի գլխավոր իրականացնող մարմնի՝ Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հետ։ Արարողությանը ներկա էր նաև Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչը, ինչպես նաև Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արա Սիմոնյանը;
Նշենք, որ Կոտայքի մարզպետարանը որպես գործընկեր՝ ակտիվորեն ներգրաված է եղել ծրագրի իրականացման ողջ ընթացքում թե՛ կազմակերպչական և թե ՛ աշխատակարգային տարբեր գործառույթներ իրականացնելով:
Միջոցառումը մեկնարկել է պաշտոնական ելույթներով, որից հետո ներկայացվել են նախագծերը։
ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ ծրագիրը նպաստում է ՀՀ Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ներառական և կայուն զարգացմանը` օժանդակելով ՔՀԿ-ներին՝ տեղական շահառուներին բացահայտելու և արդյունավետ օգտագործելու ընտրված կլաստերներում առկա բնական, մշակութային և մարդկային ռեսուրսները, ինչը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև կբարձրացնի շրջակա միջավայրի մասին իրազեկվածության մակարդակը:
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-ՎԻ Ինթերնեյշնալ) և գործընկերների կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ։