Նորություններ
Լրահոս
2022թ-ին Կոտայքի մարզում շահագործման կհանձնվեն թվով 9 հողմակայաններ
11.10.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հոկտեմբերի 10-ին մարզպետարանում ընդունել է վերականգնվող էներգիայի համաշխարհային օպերատոր իսպանական «ACCIONA» ընկերության ներկայացուցիչներին:
Դեռ նախորդ տարի մարզպետի հետ ունեցած հանդիպման ընթացքում ընկերությունը նշել էր, որ պլանավորում է ներդրումային ծրագրեր իրականացնել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, որի շրջանակներում նախատեսվում է հողմակայանների կառուցում:
Եվ ահա, այսօր արդեն ընկերությունն ունի հստակ մեկնարկային նախագիծ:
Այսպիսով, «ACCIONA» -ն Կոտայքի մարզում մտադիր է կառուցել թվով 9 հողմակայաններ՝ 40.5 ՄՎտ հզորությամբ:
➤հողմակայանների ընդհանուր բարձրությունը՝ 199,5 մ,
➤ռոտորի տրամագիծը՝ 149 մ
➤հանգույցի բարձրությունը՝ 125 մ
➤կառուցման սկիզբը նախատեսված է 2020թ. մարտին, իսկ կոմերցիոն շահագործման ամսաթիվը՝ 2022թ
Այժմ ընկերությունը զբաղվում է հողմային տուրբինների ներկրման ճանապարհային քարտեզի մշակմամբ:
Նշենք, որ «ACCIONA» ընկերությունը գլխավորում է «Energy Intelligence»-ի աշխարհի լավագույն 100 կանաչ էներգիայի ծառայություններով զբաղվող ընկերությունների ցուցակը չորրորդ տարին անընդմեջ ու
ճանաչված է որպես համաշխարհային խաղացող՝ կայուն էներգիայի ոլորտում։