Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը ուսուցչի օրվա կապակցությամբ
05.10.2019
Հոկտեմբերի 5-ը ուսուցչի միջազգային օրն է,
Տարօրինակ է, չէ՞, որ երեխայի ամենօրյա դաստիարակչական ու կրթական անսահման կարևոր պրոցեսի պատասխանատուներին ամբողջ տարվա մեջ մեծարում ենք միայն հատուկ օրերի, որոնցից մեկն այսօր է:
Ներողություն, բայց ես համաձայն չեմ միայն օրացուցային տոներին հիշել մանկավարժներին, միայն այդ օրերին նրանց շռայլել շնորհակալության ու դրվատանքի խոսքեր:
Կրթական ոլորտն ու այդ ոլորտի ներկայացուցիչները եղել են ու կմնան իմ՝ որպես Կոտայքի մարզպետի ինստիտուտը ներկայացնող ՀՀ քաղաքացու ուշադրության կենտրոնում:
Ամենօրյա ռեժիմով ես հետևում եմ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում իրականացվող բարեփոխումներին ու ոչ միայն. ինձ համար կարևոր է յուրաքանչյուր երեխայի հարմարավետությունն ու յուրաքանչյուր մանկավարժի՝ բարձր տրամադրությամբ դասասենյակ մտնելը:
Մանկավարժությունը մի ամբողջ գիտություն է, աշխարհայացք, կենսակերպ ու բնավորություն, իսկ այն մանկավարժը, ով այդ գիտության իրական կրողն ու տարածողն է, արժանի է ամենօրյա ուշադրության ու հոգատարության:
Հարգելի՛ Մանկավարժ,
Գիտեմ՝ առօրյադ հոգսաշատ է, բայց անկախ այդ ամենից՝ տեսնելով այն նվիրումն ու սերը, որով պարուրում ես աշակերտիդ, ինքս լցվում եմ անսահման շնորհակալության զգացումով, որ բառերով արտահայտելն անհնար է, գուցեև՝ ավելորդ:
Հավատա՛, որ նվիրումդ ու առաքելությունդ այսօրվա Պետությունն այլևս գնահատում է ու քայլեր ձեռնարկում կենցաղդ ավելի բարեկեցիկ դարձնելու ողղությամբ:
Շնորհավորո՜ւմ եմ ու շնորհակալություն հայտնում գործող ու այս ոլորտում նոր-նոր հաստատվող մեր երիտասարդ մանկավարժներին:
Հայտնում եմ իմ շնորհակալությունն ու հարգանքներիս հավաստիքը նաև արդեն վաստակաշատ հանգստի գնացած բոլոր մանկավարժներին: