Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզի Արամուս, Ակունք, Կամարիս և Մայակովսկի համայնքներում կիրականացվի փորձնական մարդահամար
04.10.2019
Տեղի է ունեցել 2020թ. հերթական մարդահամար անցկացնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներին աջակցող համապետական հանձնաժողովի նիստը:
Նիստի աշխատանքները ղեկավարող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մարդահամարը շատ կարևոր է, քանի որ հավաքագրված և վերլուծված տվյալները հիմք են դառնալու ոչ միայն ժողովրդագրության քաղաքականության մշակման, այլև ընտրական գործընթացների կազմակերպման, սոցիալ-տնտեսական քաղաքականության ռազմավարական պլանավորման համար: Ըստ այդմ, պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝ ապահովելու մարդահամարի անցկացման բարձր որակը և հավաքագրվող տեղեկատվության ճշգրտությունը,- նշել է փոխվարչապետը:
Վերջինս ընդգծել է, որ կարևոր է ոչ միայն մարդահամարի արդյունքը, այլև գործընթացը, քանի որ այն հիանալի վարժություն է՝ առաջին հերթին բացահայտելու պետական գերատեսչությունների հետազոտական կարողություններում առկա բացերը, ինչպես նաև զարգացնելու դրանք։
Փոխվարչապետը հայտարարել է, որ մշակված մեթոդաբանությունը և դրա տեխնոլոգիական լուծումները փորձարկելու նպատակով իրականացվելու է փորձնական մարդահամար Շիրակի մարզի Արթիկ համայնքում և Կոտայքի մարզի Արամուս, Ակունք, Կամարիս և Մայակովսկի համայնքներում։